Վարդան Մինասյան. Վերլուծել ենք նախորդ խաղը և շարժվում ենք առաջ

21:22 03.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի հոգեբանական վիճակի, առաջիկա հանդիպման և երկրորդ թիմի մարզավիճակի մասին:

-Ինչպե՞ս կգնահատեք թիմի հոգեբանական վիճակը, ֆուտբոլիստները վերականգնվե՞լ են նախորդ անհաջող խաղից հետո:

-Հուսով եմ, բայց ճիշտն ասած իրենց տեղը պատասխանել չեմ կարող: Վաղվա խաղից ելնելով՝ կհասկանանք ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը և թե ինչպես են հաղթահարել այդ պահը: Միշտ ասել եմ իրենց, որ ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Թիմը կարող է և՛ հաղթանակած ավարտել խաղը, և՛ պարտությամբ:

Իրենց օրինակ բերեցի վերջերս տեղի ունեցած «Բարսելոնա» - «Լիվերպուլ» խաղը, երբ դաշտում խաղում էին երկու հավասար ուժերով թիմեր, բայց խաղն ավարտվեց 3:0 հաշվով: Պետք է ուղղակի վերլուծել խաղն ու շարժվել առաջ: Ամենակարևորն այստեղ հոգեբանությունն է:

-Ստեղծվե՞լ է Ձեզ մոտ տպավորություն, որ բոլոր մրցակիցները մեր ակումբի դեմ ավելի մոտիվացված են խաղում:

-Դա շատ նորմալ է: Ինչպես ասում են՝ մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը և, եթե նկատել եք բոլոր առաջնություններում էլ այդպես է: Միշտ էլ առաջատարի հետ բոլորն ավելի մոտիվացված են խաղում և ուզում են իրենց լավագույն որակական հատկանիշները ցույց տալ: Կկրկնվեմ, բայց կարծում եմ, որ դա նորմալ է և կբարձրացնի ընդհանուր առաջնության որակը: Ավելի լավ է նման խաղեր լինեն, քան հեշտ խաղեր:

-Ինչպե՞ս կգնահատեք ակումբի երկրորդ թիմի ելույթները, ի՞նչ կասեք մեր երիտասարդ սերնդի մասին:

-Միշտ ասել եմ, որ մեզ մոտ աշխատանքը շարունակական է գնալու: Երկրորդ թիմում այդքան չենք կենտրոնանում արդյունքի վրա, ինչքան ուզում ենք ֆուտբոլիստների մոտ աճ տեսնենք: Երիտասարդներն ինչքան մեծերի հետ են խաղում, այդքան արագ են աճում և սովորում այդ արագությանը: Աշխատում ենք ավելի շատ իրենց որակական աճ գրանցելու և մարզավիճակը բարելավելու վրա:


Բարձրագույն խմբի 31-րդ տուրի՝ «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին և մեկնարկելու է 15։00-ին։ Այս խաղից առաջ «Գանձասար-Կապանը» 27 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Արարատ-Արմենիան» 49 միավորով «Փյունիկի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը։

Նախորդ տուրում Մինասյանի թիմը 1։4 հաշվով պարտվել է «Փյունիկին»։

Share |

Լրահոս

Loading...