Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ նախորդ ամսվա ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել

17:19 07.05.2019

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության կասեցման հարցին և հաստատել, որ այդ աջակցությունը կասեցված է:

Ասուլիսից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ վարչական դատարանի որոշումը, որով վարույթ է ընդունվել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հայցադիմումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը կասեցնելու մասին» N 64-Ա/1 հրամանի կատարումը կասեցնելու մասին:

Նախարարությունն այս առիթով կրկին հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը» հաստատելու մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF) հրամանը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է գործել և այդ կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզաձևի ֆեդերացիան պետք է ներկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք:

Առաջնորդվելով վերոհիշյալ դրույթով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 2019 թվականի ապրիլ ամսի ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել: Գաբրիել Ղազարյանի մոտ բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ կայացած հանդիպումից հետո, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, բռնցքամարտի հավաքականների ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և միջազգային մրցաշարերին մասնակցությունը կիրականացվեն Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ՝ ֆեդերացիայի ներկայացրած հայտերի հիման վրա»,- ասվում է հայտարարությունում:

Share |

Լրահոս

Loading...