Ղազարյանը պնդում է՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցվել է, ֆեդերացիան՝ ներկայացնում դատարանի որոշում

15:17 07.05.2019

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը, քանի որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Ղազարյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված նման որոշումը.

«Ֆեդերացիայի ֆինանսավորման հարցը բոլորիս համար արդի թեմա է դարձել: Ֆինանսավորումը կասեցվել է, քանի որ ՀԱՕԿ-ն էլ կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը: Օլիմպիական կոմիտեի՝ 2017-ի հուլիսի 24-ի հրամանով հստակ նշվում է, թե որոնք են պետական բյուջեից ֆինանսավորվող ազգային ֆեդերացիաները: Ազգային ֆեդերացիան պետական աջակցություն ստանալու համար պարտավոր է անդամակցել ՀԱՕԿ-ին: Քանի որ ՀԱՕԿ-ը կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը, մենք էլ օրենքի սահմաններում կասեցրել ենք ֆինանսավորումը: Ֆինանսավորումը կասեցված է, ոչ թե ընդհանրապես հանված է: Մենք շարժվում ենք զուտ օրենքով: Եթե նախարարությունն այսօր գումար տրամադրի ֆեդերացիային, կստացվի՝ օրենք ենք խախտում»,- ասաց Գաբրիել Ղազարյանը՝ հավելելով, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այն հայտարարությունը, որ ֆինանսավորումը վերականգնվել է, չի համապատասխանում իրականությանը:

«Պարզ և հստակ ասում եմ, որ այսօրվա դրությամբ ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցված է: Եթե դուք հավատում եք Facebook-յան գրառմանը, ոչ թե ինձ՝ ի՞նչ կարող եմ ասել»,- ասաց Ղազարյանը:

Դիտարկմանը, որ այս տարին նախաօլիմպիական է, իսկ բռնցքամարտիկները չեն հասկանում, թե որ ֆեդերացիայի ենթակայությամբ և ինչպես պատրաստվեն մրցումներին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ ՀԱՕԿ-ի հետ պայմանավորվածություն ունեն՝ այն գումարը, որ իրենք պետք է փոխանցեին բռնցքամարտիկների նախապատրաստության համար, կփոխանցի ՀԱՕԿ-ը.

«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքական թիմերը ֆեդերացիաների սեփականությունը չեն: Ֆեդերացիները չպետք է ասեն, որ հավաքական թիմերն իրենցն են: Անձամբ ես համաձայն չեմ այդ մոտեցմանը»,- նշեց Ղազարյանը:

Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից քիչ անց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակեց ֆինանսավորման կասեցման գործով դատարանի որոշումը, որը տեղադրված է նաև DataLex.am կայքում.

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Ներկայացնում ենք այս գործով դատարանի որոշումը, որը տեղադրված է նաև DataLex.am կայքում»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...