Ֆեդերեր․ Շատերը կարծում են՝ կարիերաս պետք է յուրահատուկ ավարտ ունենա, բայց դա այդպես չէ

18:02 13.05.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։

«Հույս ունեմ՝ ինձ կհիշեն որպես լավ տղայի։ Տեսնելով, թե ինչպես է կարիերան ավարտում Դավիդ Ֆերերը՝ կարող եմ միայն մեկ բան ասել․ «Նա թենիսին տվել է այն ամենը, ինչ կարող էր»։ Նշանակություն չունի՝ 5 թե 50 տիտղոս ես նվաճել։ Ես մեծ հարգանք եմ տածում Դավիդի նկատմամբ և ցանկանում եմ, որ մարդիկ իմ կարիերայի ավարտին էլ նման ձևով ինձ վերաբերվեն։

Ուզում եմ, որ մարդիկ հասկանան՝ ես օգնել եմ թենիսին և միայն իմ մասին չեմ մտածել։ Ինչպե՞ս պայքարում չկորցնել մարդկային հատկանիշները։ Ես որևէ հատուկ միջոց չունեմ, բայց կարծում եմ՝ ամբողջ կարիերայիս ընթացքում այս հարցում խնդիրներ չեմ ունեցել։ Հենց լքում եմ կորտը, դադարում եմ մարզիկ լինել։Այո, ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, բայց տուն գալով՝ ինձ հանրահայտ չեմ զգում։ Այդ անցումը շատ արագ և բնական է ստացվում։

Կարիերան կարելի է տարբեր ձևերով ավարտել։ Կարելի է հատուկ ասուլիս հրավիրել, նման որոշում կայացնել հանգստի ժամանակ, ապա տեղեկացնել․․․ Կարևորը միայն այն է, որ քո կամքով ավարտես կարիերադ, ոչ թե հարկադրված ընդունես այդ լուրջ որոշումը։ Շատերը կարծում են, թե իմ կարիերան պետք է յուրահատուկ ավարտ ունենա, բայց դա այդպես չէ։ Ես արդեն մի քանի անգամ կարող էի հայտարարել, որ հեռանում եմ, բայց ոչ։ Այժմ ես հանգիստ եմ, ոչինչ ինձ չի կաշկանդում»,- 37-ամյա Ֆեդերերի խոսքերը մեջբերել է Tennis World USA-ը։

Share |

Լրահոս

Loading...