ՈւԵՖԱ-ն ընտրել է Եվրոպա լիգայի եզրափակչի մրցավարական անձնակազմին

17:28 13.05.2019

ՈւԵՖԱ-ի մրցավարական խորհուրդն ընտրել է Եվրոպա լիգայի 2018-19թթ․ խաղարկության եզրափակիչը սպասարկող մրցավարներին։

Մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է իտալացի Ջանլուկա Ռոկին։ Ռոկին մրցավարական միջազգային աստիճան ստացել է 2008 թվականին։ Այս մրցաշրջանում նա աշխատել է Չեմպիոնների լիգայի 6 հանդիպումների ժամանակ։

2010 թվականին Ռոկին չորրորդ մրցավարի կարգավիճակով աշխատել է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Աթլետիկո»-«Ֆուլհեմ» հանդիպման ժամանակ, իսկ 2017 թվականին նույն կարգավիճակով աշխատել է «Այաքսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած եզրափակչում։ Դրանից մի քանի ամիս անց իտալացի մասնագետը եղել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» միջև կայացած եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավարը։

Բաքվում կայանալիք խաղում 45-ամյա Ռոկիին օգնելու են Ֆիլիպո Մելին և Լորենցո Մանգանելին, իսկ չորրորդ մրցավարի պարտականությունները կատարելու է Դանիելե Օրսատոն։ Գլխավոր վիդեօգնականը լինելու է Մասիմիլիանո Իռատին, իսկ նրան օգնելու են Մարկո Գուիդան, Շիմոն Մարչինյակը և Պավել Սոկոլնիցկին։

Share |

Լրահոս