Բոլորի համար տեղ ունենք հավաքականում, եթե նրանք պատրաստ են հետևել հավաքականի կարգուկանոնին. ՀԸՖ նախագահ

17:13 14.05.2019

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը «Օլիմպավանում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հարցազրույցին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբեք չի միջամտել հավաքականի կազմի ձևավորմանը և մարզիկների ընտրությանը:

«Անդրադառնալով Միհրան Հարությունյանի հարցազրույցին՝ ցանկանում եմ շեշտել, որ անձամբ զրուցել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և նա հավաստիացրել է, որ չի միջամտելու հավաքականի ձևավորմանը: Մեր հավաքականներում ունենք բարձրակարգ մարզիկներ, ովքեր սահմանված կարգով մասնակցել են բոլոր հավաքներին և մրցաշարերին: Թող ոչ մեկ չափերը չացնի, իսկ լրագրողներին խնդրում և հորդորում եմ ինտրիգներ ման չգալ»,- ասել է ՀԸՖ նախագահը:

Ռոբերտ Խաչատրյանը նշել է նաև, որ անկախ այս խոսակցություններից, ցանկացած մարզիկ, որը պատրաստ է գալ և մարզվել հավաքականի հետ ու կատարել գլխավոր մարզիչի պահաջները և ցուցումները, տեղ ունի հավաքականում:

«Մենք մեծահոգի ենք և բոլորի համար տեղ ունենք հավաքականում, եթե նրանք պատրաստ են հետևել հավաքականի կարգուկանոնին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Ֆեդերացիայի նախագահը նաև նշել է, որ ժամանակին զրուցել է նաև Միհրան Հարությունյանի հետ:

«Միհրանը ինձնից խորհուրդ հարցրեց՝ շարունակել զբաղվել ըմբշամարտով, թե ընտրել ММА-ն: Ես էլ ասացի, որ ընտրությունն իրենն է, և որտեղ իրեն ավելի լավ կզգա, թող այնտեղ էլ շարունակի»:

Ավելի վաղ, Միհրան Հարությունյանը մասնավորապես նշել էր, որ մտադիր է ապացուցել, որ հավաքականում պետք է ունենա իր տեղը. 

«Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագարել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

Եթե Հայաստանի առաջնությունը լինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ»,- ասել էր Միհրան Հարությունյանը:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս