Յան Ռեգենսբուրգի և Հոֆենհայմի տնօրենները մեկնաբանել են Սարգիս Ադամյանի տրանսֆերը

19:15 14.05.2019

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել է Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ»։

Երկու ակումբների տնօրեններն Ադամյանի տեղափոխության վերաբերյալ իրենց մեկնաբանությունն են տվել։

«Յան Ռեգենսբուրգի» գործադիր տնօրեն Քրիստիան Կելերը հայտարարել է, որ «Հոֆենհայմը» կարող է հույսեր կապել Ադամյանի նման հիանալի ֆուտբոլիստի հետ․

««Յան Ռեգենսբուրգում» երկու տարվա աշխատանքի արդյունքում Ադամյանը տպավորիչ ցուցանիշներով բացեց Բուդեսլիգայի դռները։ Այնպես որ՝ «Հոֆենհայմը» կարող է հույսեր կապել այս հիանալի ֆուտբոլիստի հետ։ Եթե Սարգիսը շարունակի աշխատել իր վրա, առաջընթացի դեռ շատ տեղ կունենա»,- Կելերի խոսքը մեջբերել է «Յան Ռեգենսբուրգի» մամուլի ծառայությունը։

«Հոֆենհայմի» տնօրեն Ալեքսանդր Ռոզենն էլ հայտարարել է, որ Ադամյանը շատ է տպավորել իր խաղով․

«Սարգիսը մեր ուշադրությունը գրավել է իր արտասովոր արագության և հիանալի ցուցանիշների շնորհիվ։ Ադամյանը շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որը լիովին համապատասխանում է մեր խաղին և որը, համոզված եմ, կարող է անակնկալներ մատուցել նոր մրցաշրջանում»,- Ռոզենի խոսքը մեջբերել է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը։

Share |

Լրահոս