Ցավով և հումորով․ Բայերի արձագանքը Զիդանի պատմական գոլի վերաբերյալ գրառումներին

23:09 15.05.2019

Ֆուտբոլի պատմության լավագույն գոլերից մեկն արձանագրվել է ուղիղ 17 տարի առաջ՝ 2002 թվականի մայիսի 15-ին։

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում մեկ անգամ չէ, որ հիացրել է իր գոլերով, սակայն 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բայերի» հետ խաղում խփած գոլն առանձնանում է բոլորից։

Անձամբ ֆրանսիացին մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ փորձել է կրկնել այդ գոլը, սակայն ապարդյուն․

«Խաղից հետո փորձել եմ նմանատիպ գոլ խփել։ Անգամ գովազդային նկարահանումների ժամանակ են փորձեր եղել, սակայն ապարդյուն․ չի ստացվել ոչ մի անգամ։ Մարզումների ժամանակ էլ եմ փորձել, բայց կրկին ապարդյուն։ Նման գոլի համար իդեալական օրը հենց այդ եզրափակիչն էր»,- ասել է Զիդանը։

Այդ խաղում մադրիդյան թիմը 2-1 հաշվով հաղթանակ է տոնել․ «սերուցքայիններից» աչքի է ընկել նաև Ռաուլը, իսկ «Բայերի» միակ գոլը խփել է Լուսիոն։

Եթե «Ռեալի» և Զիդանի համար մայիսի 15-ը պատմական օր է, նույնը չես ասի «Բայերի» համար։ Այսօր գերմանական ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում փորձել է հումորով արձագանքել 17 տարի առաջ տեղի ունեցած եզրափակչի վերաբերյալ գրառումներին։

Մասնավորապես «Ռեալի»՝ Twitter-ում Զիդանի գոլի տեսանյութի հրապարակմանը «Բայերը» պատասխանել է․ «Ցանկանում ես արգելափակվե՞լ»։

Bleacher Report-ի հրապարակման վերաբերյալ գերմանական ակումբի մամուլի ծառայությունը գրել է․ «Սա ամեն տարի վատագույն օրն է Twitter-ում»։

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականի գրառումը ևս չի վրիպել «Բայերի» մամուլի ծառայության ուշադրության կենտրոնից․ «Դուք նույնպե՞ս․․․ Դուք պետք է մեր կողմից լինեիք»։

«Բայերի» Facebook-ի էջում էլ հրապարակվել է «Զինեդին Զիդան․ «Դու երբևէ կարո՞ղ ես ներել ինձ»» ֆիլմի անոնսը։ Երևակայական ֆիլմը ցուցադրվելու է այս աշնանը, բոլոր կինոթատրոններում։

Վերջում «Բայերում» որոշել են պարզապես շունչ քաշել և անջատել գոլի վերաբեյալ հրապարակումների ծանուցումները։ 

Share |

Լրահոս

Loading...