ՈւԵՖԱ-ն ՉԼ-ի հավելյալ ուղեգիրը տվել է Ավստրիային, Ֆրանսիայում սպասում են ԵԼ-ի եզրափակչին

16:06 16.05.2019

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես հրապարակել է, թե եվրագավաթային եզրափակիչներն ինչպես կարող են ազդել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրերի վրա:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու են «Տոտենհեմը» և «Լիվերպուլը», իսկ Եվրոպա լիգայի եզրափակչում՝ «Չելսին» և «Արսենալը»: Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային եզրափակիչներում խաղալու են միայն մեկ երկրի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է, եվրագավաթների հաղթողները Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր են նվաճում, բայց ի՞նչ անել, եթե վճռորոշ խաղերի մասնակիցներն ազգային առաջնության արդյունքներով արդեն ուղեգիր ունեն:

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցները Պրեմիեր լիգայի արդյունքներով ապահովել են իրենց տեղը մրցաշարի հաջորդ խաղարկությունում, ուստի ՈւԵՖԱ-ն որոշել է հավելյալ ուղեգիրը հանձնել կառույցի վարկանիշային աղյուսակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող ասոցիացիայի՝ Ավստրիայի չեմպիոնին («Զալցբուրգ»):

«Չելսին» նույնպես Պրեմիեր լիգայի արդյունքներով ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգիր է նվաճել, ուստի եթե Մաուրիցիո Սարիի թիմը հաղթի մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք եզրափակչում՝ ՈւԵՖԱ-ն ուղեգիրը կհանձնի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող ասոցիացիայի՝ Ֆրանսիայի առաջնության երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմին («Լիոն» կամ «Սենտ Էտյեն»):

«Արսենալը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, ուստի եթե հաղթի Եվրոպա լիգայում՝ կնվաճի Չեմպիոնների լիգայի 2019-2020թթ. խաղարկության ուղեգիր:

Share |

Լրահոս

Loading...