Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան ևս 6 հազար տոմս է հատկացրել Արսենալին և Չելսիին

14:48 18.05.2019

ՈւԵՖԱ-ն պնդել է, որ Եվրոպա լիգայի եզրափակչի մասնակիցներ «Արսենալին» և «Չելսիին» տրամադրվի Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտի տոմսերի միայն 17 % տոկոսը, քանի որ մայրաքաղաքային օդանավակայանը չի կարող մեծ թվով հյուրերի ընդունել, վստահեցնում է SunSport-ը:

Սակայն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը մերժել է այս պնդումը՝ նշելով.

«Մեզ համար շատ կարևոր է, որ ավելի մեծ թվով երկրպագուներ կարողանան այցելել խաղին: Մենք երկու թիմերին կոչ ենք անում խաղի օրը լրացուցիչ չարտերային չվերթներ կազմակերպել, ու ես կարող եմ երաշխավորել, որ մեր օդանավակայանը ժամում կարող է 10 հազար ուղևորի ընդունել:

ՈւԵՖԱ-ն թյուրիմացաբար հայտարարել էր, որ մեր օդանավակայանն օրական 15 հազար այցելու է կարողանում ընդունել: Այդ թիվը վերաբերում է միայն չարտերային չվերթներին: Ընդ որում, հաշվի մեջ չեն բոլոր կանոնավոր չվերթները, որոնք արդեն իրականացվում են Բաքվում: Մենք շատ երկար ժամանակ է՝ զբաղվում ենք այս մրցաշարի կազմակերպմամբ, ու նաև կազմակերպել ենք Լոնդոնից ոչ ուղիղ՝ ավելի մատչելի չվերթներ, եթե երկրպագուները չուղևորվեն հենց խաղի օրը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նաև նշել է, որ ԱՖՖԱ-ն ևս 6 հազար տոմս է վաճառքի հանել, որոնք հասանելի են երկու թիմերի այն երկրպագուների համար, ովքեր հայտ էին ուղարկել ticketing@baku2019.az էլեկտրոնային փոստով:

 «Երեկ ՈւԵՖԱ-ն ներողություն խնդրեց քաոսի համար և ընդունեց, որ միևնույն քաղաքի երկու թիմերի երկրպագուների համար 2500 մղոն հեռավորությունն անցնելն ու խաղին մեկնելը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Բայց նրանք ընտրել են Բաքուն ու նշել, որ անարդարացի է կոնկրետ տեղերի բացառումը միայն դրանց աշխարհագրական դիրքի պատճառով»:

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին, իսկ մինչ այդ ո՛չ «Արսենալը» և ո՛չ «Չելսին» չեն իրացրել իրենց հատկացված տոմսերը ու դժվար է ասել՝ ի վերջո որքան երկրպագու ներկա կլինի ԵԼ-ի՝ տարվա կարևորագույն խաղին:

Share |

Լրահոս

Loading...