ՈւԵՖԱ-ն պատասխանել է Արսենալի՝ ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու քննադատությանը

14:11 18.05.2019

«Արսենալն» օրերս կոշտ քննադատության էր ենթարկել ՈւԵՖԱ-ին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար:

Ակումբը գոհ չէր մնացել, որ 69870 հանդիսական տեղավորող մարզադաշտում իրենց ընդամենը 6 հազար տոմս է հատկացվել:

«Եվրագավաթային եզրափակիչները կազմակերպելու հայտերը, որպես կանոն, ընդունվում են տվյալ իրադարձությունից երկու տարի առաջ: Սա նշանակում է, որ տանտերերին նշանակելու պահին եզրափակչի անցկացման որոշ կոնկրետ հանգամանքներ կարող են դեռևս հայտնի չլինել: Ակնհայտ է, որ տեղաշարժվելու հարմարավետությունը հայտերի գնահատման առանցքային չափորոշիչներից մեկն է, իսկ օդանավակայանի թույլատրելի հնարավորությունը կարևոր տարր է:

Ի տարբերություն ՉԼ-ի եզրափակչի, ԵԼ-ի եզրափակչի ժամանակ հնարավոր չէ կանխատեսել եզրափակչի մասնակից թիմերի երկրպագուների թիվը, որոնք մտադիր կլինեն ներկա գտնվել խաղին: Նախորդ եզրափակչների կազմակերպման փորձը ցույց է տալիս, որ կախված եզրափակչի մասնակից թիմերից, երկրպագուների թիվը կարող է տատանվել, այնպես որ իմաստ չկա նախապես ամրագրել, թե թիմերի երկրպագուներին որքան տեղ կհատկացվի մարզադաշտում: Ավելի լավ է գործել՝ հիմնվելով իրական տվայլների վրա»,- ասվում է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՈւԵՖԱ-ում նաև նշել են, որ փորձագետները քրտնաջան աշխատում են, որպեսզի ավելի մատչելի տարբերակներ գտնեն եզրափակիչ դուրս եկած թիմերի երկրպագուների համար.

«Հասկանալի է, որ լոնդոնյան երկու թիմերի մասնակցությամբ անգլիական եզրափակիչն ամենականխատեսելի տարբերակը չէր, երբ ընտրվում էր եզրափակիչն անցկացնող երկիրը: Պարզ է, որ այս հանգամանքը դժվարություններ առաջացրեց կազմակերպչական առումով:

Նման իրադարձությունների կազմակերպումը նպաստում է տվյալ տարածքում ֆուտբոլի մասսայականության աճին,և այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ճիշտ չէ որևէ մարզադաշտի բացառումը միայն նրա աշխարհագրական դիրքի պատճառով: Մենք հավատում ենք, որ դուք՝ որպես սպորտի մարդիկ և հարուստ ավանդույթներ ու հստակ մարզական սկզբունքներ ունեցող ակումբի ներկայացուցիչներ՝ կհասկանաք»,- ասվում է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակիչն «Արսենալի» և «Չելսիի» միջև կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:   

Share |

Լրահոս

Loading...