Գանձասար-Կապանը ջախջախիչ հաղթանակ տոնեց Բանանցի նկատմամբ (տեսանյութ)

21:23 18.05.2019

Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրը։

Տուրի առաջին խաղում չեմպիոնական հույսերը պահպանող «Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» և 0-5 հաշվով պարտություն կրեց։ Արդեն առաջին կեսում Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը՝ խփելով 4 գոլ։

Հաշիվը բացեց Գևորգ Նռանյանը, որի գոլին հաջորդեցին Բակար Բալդեի դուբլը և Գևորգ Օհանյանի գոլը։ Երկրորդ կեսում «Բանանցին» այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, իսկ հյուրերը 5-րդ գոլը խփեցին․ վերջնական հաշիվը ձևակերպեց Գեղամ Հարությունյանը։

Ուշագրավ է, որ «Գանձասար-Կապանը» 2015 թվականից ի վեր «Բանանցին» մրցակցի հարկի տակ չէր կարողացել հաղթել։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 51 միավորով 3-րդ տեղում է։

Հավելենք, որ տուրի շրջանակում վաղը կայանալու են «Շիրակ»-«Արարատ-Արմենիա», «Արցախ»-«Ալաշկերտ» խաղերը, իսկ տուրի վերջին՝ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա մայիսի 20-ին։

Բարձրագույն խումբ, 34-րդ տուր

«Բանանց»-«Գանձասար-Կապան»՝ 0-5
Գոլերը՝ Նռանյան 5՛, Բալդե 10՛, 23՛, Օհանյան 33՛, Հարությունյան 90+2՛

Share |

Լրահոս

Loading...