Վարդան Մինասյան․ Չենք մտածում, թե մյուս թիմերն ինչպես են խաղում

23:57 18.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի՝ «Շիրակ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ 

Մինասյանը խոսել է առաջիկա խաղից իր ակնկալիքների, հակառակորդ թիմերի պատրաստվածության և Ալեքս Ջունիորի՝ Հայիթիի հավաքականում հանդես գալու մասին:

-Ի՞նչ եք սպասում «Շիրակի» հետ հանդիպումից: Հաշվի առնելով, որ մրցակիցը մրցաշարային խնդիրներ չունի՝ ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:

-Հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի է ունենալու «Շիրակի» դաշտում՝ կարող եմ ասել, որ դժվար խաղ եմ ակնկալում: «Շիրակը» բավականին պինդ կազմ ունի և մարտավարական առումով լավ պատրաստված է: Ֆուտբոլիստները խաղում են շատ մոտիվացված անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակ ունեն աղյուսակում: Այնպես որ՝ մեզ դժվար հանդիպում է սպասվում: Սակայն ինչպես արդեն նշել եմ, վերջին հանդիպումների ժամանակ մեծ կարևորություն ունեն բնավորություն ցույց տալու գործոնն ու հաղթանակի ձգտումը:

-Ալեքսը հրավիրվել է Հայիթիի հավաքական՝ CONCACAF–ի Ոսկե գավաթին մասնակցելու համար: Մարզիչները սովորաբար միաժամանակ և՛ ուրախանում են ֆուտբոլիստների գրանցած հաջողություններով, և՛ մի փոքր վատ են նայում բացակայությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ինչպես ասում են, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Իհարկե շատ լավ է, որ մենք ունենք հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստ: Դա բավականին մեծացնում է ուշադրությունը մեր թիմի նկատմամբ: Այս պահին ամենակարևորն այն է, որ առանց վնասվածքների խաղերն անցկացնի: Իսկ հետագա գործի մանրամասներն արդեն կորոշենք ըստ իրավիճակի:

-Չեմպիոնության հարցը որոշ չափով կախված է «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումից, որը կկայանա այս տուրում: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ «Լոռիի» ֆուտբոլիստներին միավոր կորզել «Փյունիկից»:

-Ճիշտն ասած, ընդհանրապես այդ ուղղությամբ չեմ մտածում: Կարող եմ միայն ասել, որ մենք միշտ կենտրոնանում ենք մեր խաղի վրա և փորձում ենք ամեն փոքր շանս օգտագործել դրական արդյունք ստանալու համար: Մեր գլխավոր խնդիրն այս պահին մեր առաջիկա խաղերում հաղթելն է: Մենք չենք մտածում, թե ուրիշ թիմերն ինչպես են խաղում, որովհետև առաջնությունը ցույց է տալիս, որ շատ անկանխատեսելի բաներ կարող են լինել: «Լոռին» շատ լավ թիմ է և հոյակապ ֆուտբոլիստներ ունի:

Երբ թիմը մոտիվացիա չունի, դա կարող է անդրադառնալ իրենց խաղի վրա երկու ձևով՝ կամ ավելի հանգիստ և ազատ կխաղա թիմը, քանի որ ճնշում չկա ֆուտբոլիստների վրա, կամ էլ կարող է ձախողվել որոշակի նպատակ չունենալու պատճառով: Բայց ընդհանուր առմամբ թիմը բավականին լավն է և ամեն բան հնարավոր է: Եթե նայենք այս տարվա խաղերին կտեսնենք, որ բոլոր խաղերն էլ շատ լարված են եղել: Հեշտ խաղեր ոչ մի թիմի համար չեն եղել: Բայց ամեն դեպքում մեզ համար ամենակարևորը մեր խաղն է, թե ինչպես հանդես կգանք:

-Այս պահին ֆուտբոլասերներին ամենահուզող թեմաներից մեկը Հենրիխ Մխիթարյանի Բաքու գնալ կամ չգնալն է: Ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը:

Share |

Լրահոս

Loading...