Բելգիայի սրտում մի փոքր Մանչեսթեր կավելացնեմ. Կոմպանին կդառնա Անդերլեխտի խաղացող մարզիչը

15:50 19.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանից կդառնա «Անդերլեխտի» խաղացող մարզիչը.

«Նախընտրում եմ երախտապարտ լինել անցյալի համար, բայց մնալ ամբիցիոզ և կողմնորոշված ապագայի հարցում: Հաջորդ 3 տարիների ընթացքում կլինեմ «Անդերլեխտի» խաղացող մազրիչը: Գուցե ձեզ համար սա անսպասելի լինի: Սա ամենակրքոտ, բայցև ամենառացիոնալ որոշումն է, որ ես երբևէ կայացրել եմ:

Որպես ֆուտբոլիստ՝ ես ծնվել և մեծացել եմ «Անդերլեխտում»: 6 տարեկանից եղել եմ այս ակումբի հետ, որը 34 անգամ դարձել է չեմպիոն: Նրանք չունեն իրենց հավասարը:

Վերջերս ես զանգահարեցի «Անդերլեխտ»: Միանգամայն անսպասելիորեն՝ նրանք ինձ առաջարկեցին խաղացող մարզչի պաշտոնը: Ակումբի ղեկավար և մարզական տնօրեն Մայքլ Վերշուրենն ու տեխնիկական տնօրեն Ֆրենկ Արնեսենը հանգամանալից բացատրեցին, թե գործնականում դա ինչպես են տեսնում: Նրանք ամեն ինչ մտածել են: Ակումբի սեփականատեր պարոն Կուկը լիարժեք աջակցություն խոստացավ՝ ժամանակ, բյուջե, շրջանակներ, անձնակազմ, հարմարություններ ... ես ոչ միայն տպավորված էի, այլև՝ ոգևորված: Դա ինձ ստիպեց մտածել:

Այս մրցաշրջանի ավարտը չէր կարող ավելի հիշարժան լինել: Ես այստեղ ապրում էի իմ երազանքը: Վերջին 3 տարում այնքան բան եմ իմացել անհավանական մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից, որը վերակենդանացրեց իմ մեջ սերը ֆուտբոլի հանդեպ: «Մանչեսթեր Սիթին» ցուցադրում է այն խաղը, որը ես եմ ցանկանում խաղալ: Այդ ֆուտբոլը ես ցանկանում եմ նաև դասավանդել ու տեսնել՝ իմ սաներն ինչպես են այն խաղում:

Որոշել եմ ընդունել «Անդերլեխտի» մարտահրավերը: Ցանկանում եմ հաջորդ սերունդների հետ կիսվել իմ գիտելիքներով: Բելգիայի սրտում մի փոքր Մանչեսթեր կավելացնեմ: Սա հրաժեշտ չէ: Շուտով կհանդիպենք»,- գրել է Կոմպանին ֆեյսբուքի իր էջում:

Share |

Լրահոս

Loading...