Տարխանովը՝ Լոռիի հետ խաղի մասին․ Մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք հաղթանակի

18:58 20.05.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Բարձրագույն խմբի 34-րդ տուրի՝ «Լոռիի» հետ հանդիպման (2-2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Ոչ-ոքին մրցավարն արեց։ Մաքուր 11-մետրանոց կար, ձեռքով խաղ չկար գոլի ժամանակ. մաքուր գոլը չհաշվեց։ Ամբողջ խաղը մրցավարն արեց։ Ավելացնելու բան չունեմ։

Ինչ վերաբերում է խաղին, ապա կարող եմ ասել, որ լավ խաղացինք և առավելություն ունեինք, գոլային պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրացնել։ Նաև 2 ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Կորցրինք կենտրոնացվածությունը եզրերից կատարած փոխանցումների ժամանակ։ Առաջին խաղակեսում գոլային ֆուտբոլ էինք խաղում` հնարավորություն չտալով մրցակցին։ Գոլեր խփեցինք, 11-մետրանոց չվաստակեցինք, քանի որ մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք հաղթանակի։

Խաղից հետո տեղի ունեցածի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա մրցավարի մեղքն էր նաև։ Ինչպես խաղը վարեց, այնպես էլ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը։ Անվտանգության աշխաատկիցները քիչ են, և անհրաժեշտ է լավ սպասարկել խաղը, որպեսզի միջադեպեր չլինեն։ Իմ կարիերայում եղել է դեպք, երբ մրցավարին ցմահ որակազրկել են։ Կարծում եմ, որ այս մրցավարը չպետք է խաղեր սպասարկի։ Ֆուտբոլում այնպես է, որ ով արժանի է, նա էլ պետք է հաղթի։

Մենք արժանի էինք այսօր հաղթանակի, բայց մրցավարը մեզնից միավորներ խլեց։ Մենք բողոք կներկայացնենք։ Նա չէր կարող չտեսնել 11-մետրանոցը, քանի որ մոտ էր կանգնած։ Նույն էլ չհաշվված գոլի ժամանակ։ Այնտեղ երևում էր, որ ձեռքով խաղ չկա»,- Տարխանովի խոսքը մեջբերել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Փյունիկը» ներկայացրել էր Էրիկ Վարդանյանի նկատմամբ խախտման տեսանյութը։ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումը սպասարկել է Արտակ Սիմոնյանը։

Share |

Լրահոս

Loading...