ԱՖՖԱ-ի քարտուղար․ Ադրբեջանը ներկայացրել է Մխիթարյանի անվտանգության համար բոլոր երաշխիքները

23:28 21.05.2019

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովն իր մեկնաբանությունն է տվել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու որոշման վերաբերյալ։

«Մեզ հիասթափեցրել է «Արսենալի» հայտարարությունը, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի ժամանելու Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին։ Շատ ենք ցավում այս չարդարացված որոշման համար, որը, ինչպես հասկանում ենք, կայացվել է «Արսենալի», անձամբ ֆուտբոլիստի և նրա ընտանիքի խորհրդակցությամբ։

Թեպետ ընդունում ենք, որ ֆուտբոլիստն անձամբ պետք է որոշի՝ թիմի հետ մեկնե՞լ, թե՞ ոչ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում էինք ընդգծել՝ որպես եզրափակիչն ընդունող երկիր՝ Ադրբեջանը հավուր պատշաճի ներկայացրել է պարոն Մխիթարյանի անվտանգության համար անհրաժեշտ այն բոլոր երաշխիքները, որոնք պահանջել է ՈւԵՖԱ-ն»,- Մամեդովի խոսքը մեջբերել է 360 հեռուստաընկերության պաշտոնական կայքը։

Մամեդովն նշել է, որ Ադրբեջանի՝ ավտանգության համար տված երաշխիքները չպետք է կասկածի տակ դրվեն․

«Վերջին տասը տարվա ընթացքում մեծաթիվ հայ մարզիկներ առանց միջադեպերի մասնակցել են Ադրբեջանում անցկացված տարաբնույթ միջազգային մրցումների։ Հույս ունենք, որ այս հիասթափություն առաջացնող որոշումը որևէ կերպ չի ազդի մեծ խաղի դիտարժանության վրա։ Երկու թիմին անհամբերությամբ սպասում ենք Բաքվում»,- ասել է Մամեդովը։

Հիշեցնենք՝ «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին։

Share |

Լրահոս

Loading...