Դել Բոսկե․ Բարսելոնան լավագույնն էր Իսպանիայում այս տարի, թեպետ առաջնությունը տարօրինակ էր

23:48 22.05.2019

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ամփոփել է Լա լիգայի 2018-19 թվականների մրցաշրջանը։ 

«Առաջնության լավագույն ակումբը, անկասկած, «Բարսելոնան» է։ Նրանք հաղթել են առաջնությունը՝ ցուցադրելով տպավորիչ ֆուտբոլ։ Նրանք հրաշալի հաղթանակներ են տարել Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Սակայն պետք է նշեմ, որ առաջնությունը շատ տարօրինակ էր այս տարի։ «Ռեալը» ցածր դիրքերում էր մրցաշարային աղյուսակում։

Ինչ վերաբերում է Զիդանին, կարող եմ ասել, որ սարսափելի է, երբ թիմը մեկ մրցաշրջանի ընթացքում ղեկավարում են երեք տարբեր մարզիչներ։ Չեմ կարող քննադատել Զիդանին, քանի որ ինքս ժամանակին հայտնվել եմ նման իրադրությունում։ Չեմ պատրաստվում Զիդանին խորհուրդներ տալ։ Նրա տրամադրության տակ հիասքանչ ֆուտբոլիստներ կան, ու «Ռեալը» դեռ թարմացնելու է կազմը»,-Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Eldesmarque-ն։ 

Վիսենտե Դել Բոսկեն 2000 և 2002 թվականներին Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2010 թվականին Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի ղեկին էր, երբ «ֆուրիա ռոխան» նվաճեց Աշխարհի գավաթը։ Երկու տարի անց՝ Լեհաստանում և Ուկրաինայում կայացած ԵՎՐՈ-2012-ում Դել Բոսկեի թիմը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 

Share |

Լրահոս

Loading...