Բեգլարյանը նորամուտն է նշել Դնյապրոյի կազմում և առաջին մեկնաբանությունը տվել

12:44 22.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նորամուտն է նշել բելառուսական «Դնյապրոյի» կազմում. 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Բելառուսի առաջնության 8-րդ տուրի` «Սլուցկի» հետ խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Այս հանդիպումից հետո «Դնյապրոն» մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 6 միավոր:

Հանդիպումից հետո Բեգլարյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Արդյունքից ոչ մեկս գոհ չէ, չնայած նրան, որ խաղում էինք մրցակցի հարկի տակ, չէ՞ որ խաղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր:

Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի, քանի որ ավելի շատ պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասների մետ: 5-6 գոլային լավ հնարավորություն ունեցանք, որոնք, ցավոք, չկարողացանք օգտագործել, ինչի համար էլ վճարեցինք խաղավերջում:

Ստացվեց` պահեր ստեղծեցինք ինչպես մեզ, այնպես էլ` մրցակցի համար: Չեմ կարծում, թե մրցակիցը դրան արժանի էր իր խաղով, ավելի շուտ մենք ինքներս այն նվիրեցինք: Այնպես որ, անկասկած, այսօր մենք պետք է հաղթեինք»,- ասել է Բեգլարյանն ու կիսվել նաև իր նորամուտի մասին կարծիքով.

«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ցավոք, չկարողացա ուղղակիորեն կատարել իմ պարտականությունները, ու այդ իսկ պատճառով տրամադրությունս այնքան էլ լավ չէ: Բայց ոչ մի սարսափելի բան չկա, մենք ժամանակ ունենք նախապատրաստվելու հաջորդ խաղին:

Կարծում եմ` որակական առումով մենք շատ լավ խաղ անցկացրինք և լավատեսորեն կարող ենք նայել ապագային: Եթե լավ որակի ֆուտբոլ ցուցադրենք, արդյունքներ անպայման կունենանք»,- եզրափակել է իր խոսքը Բեգլարյանը:

«Դնյապրոն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ուրբաթ` մայիսի 24-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Գոմելին»:

Share |

Լրահոս

Loading...