Փյունիկի նախագահին հորդորում ենք լրջանալ. Լոռին պաշտոնական հայտարարություն է տարածել

15:21 22.05.2019

«Լոռին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված «Փյունիկի» հետ վերջին խաղի աղմկահարույց իրադարձություների հետ:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,

Վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից են «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հետ կապված իրադարձություններնը։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ «Լոռին» «Փյունիկի» հետ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։

Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

1. «Լոռի» Ֆուտբոլային ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ «Փյունիկի» հետ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։

2. «Լոռի» ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։

3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք են առաջացրել, ապա այն պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց «Լոռին» է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն «Փյունիկի» հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։

4. Միևնույն ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում «Լոռի» ակումբի` իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:

5. «Լոռին» երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո «Փյունիկը» կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս

Loading...