ՈւԵՖԱ-ն է մեղավոր, որ Մխիթարյանը չի խաղալու ԵԼ-ի եզրափակչում. ռուս մեկնաբան

14:52 22.05.2019

Ռուս հայտնի մեկնաբան Գենադի Օրլովը մեկնաբանել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը:

Մխիթարյանը բաց կթողնի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի` «Չելսիի» հետ եզրափակիչ խաղն անվտանգության նկատառումներից ելնելով.

«Ցավալի է, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին: Ես կարծում եմ, որ նա երկրպագուներ ունի նույնիսկ Բաքվում, քանի որ եվրոպական բարձրակարգ ֆուտբոլիստների թվին է պատկանում: Կարծում եմ` շատերի համար հետաքրքիր կլիներ, եթե նա Ռուսաստանում խաղար:

Սա շատ տխուր պատմություն է, բայց կա նաև վտանգ: Եթե նույնիսկ վտանգի 1 տոկոս հավանականություն կա, ուրեմն այն պետք է բացառել: Դժվար է գնահատական տալ նրա որոշմանը, դա նրա անձնական գործն է: Նա և ակումբը ապահովագրվում են: Մեղավոր են եզրափակչի կազմակերպիչները, նրանք չպետք է մարդկանց այդպիսի իրավիճակում դնեին: Ստացվում է` նրանք Մխիթարյանին ընտրության առաջ կանգնեցրին, եզրափակիչների ընդունող երկրներին ընտրելիս նրանք պետք է հաշվի առնեն բոլոր գործոնները:

Կարծում եմ` շատ բարդ իրավիճակ է, հնարավոր է, կլինեն պաստառներ ու տարատեսակ վիրավորանքներ: Իհարկե, ՈւԵՖԱ-ն չէր կարող իմանալ, որ այնտեղ կխաղա «Արսենալը», բայց նրանք սխալ հաշվարկներ են արել:

Բաքուն գեղեցիկ և ժամանակակից քաղաք է իր առանձնահատկություններով, բայց մեղքն ՈւԵՖԱ-ինն է: Նրանք պետք է այնպիսի քաղաք գտնեին, որտեղ քաղաքականությունը չէր խանգարի սպորտին: Ես տխրում եմ, որ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք անգլիական եզրափակչին: Առհասարակ, սա հիանալի է, չէ՞ որ հենց անգլիացիներն են նավթը զարգացրել Բաքվում»,- Օրլովի խոսքերն է փոխանցում Sport24-ը:

Share |

Լրահոս

Loading...