Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղադրել է «ֆուտբոլային սադրանքի» համար

16:35 22.05.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական նպատակներով» օգտագործելու համար:

Այս մասին interfax.az-ին հղում կատարելով` գրում է Tert.am-ը:

«Հայաստանի արտգործնախարարության՝ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ հայտարարությունը վկայում է ներքին քաղաքական խնդիրների պատճառով սպորտը քաղաքական գործիք դարձնելու փորձերի մասին:

Ցավոք, Հայաստանն «Արսենալի» խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Նախօրեին, մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Մխիթարյանի և հայազգի երկրպագուների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չներկայացնելը Բաքվի կողմից ռասիզմի և այլատյացության դրսևորումներ են:

Հիշեցնենք, որ «Արսենալի» ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսիի» դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Share |

Լրահոս

Loading...