Միհրան Հարությունյան. Ինձ համար նշանակություն ունեն միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը

14:49 23.05.2019

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Armenia MMA-ին տված հարցազրույցում խոսել է մրցագորգ վերադարձի և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի վերջին հայտարարությունների մասին:

-Միհրան, ինչպե՞ս ես քեզ զգում մրցագորգ վերադառնալուց հետո:

-Անկեղծ ասած, փոքր-ինչ բարդ էր: Երեք տարվա դադար և նախապատրաստության համար քիչ ժամանակ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ հաջողվեց: Ես, իհարկե, իմ մարզավիճակում չէ, սակայն երկու ամիս ըմբշամարտի վրա կենտրանցվածությունը կօգնի ավելի լավ մարզավիճակում լինել, քան Ռիոյում էի:

-Ինչպե՞ս ես արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ քո թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին:

-Ռիոյից հետո իմ մասին այդքան շատ չէին խոսել, որքան այդ ասուլիսի ժամանակ: 5 հասուն տղամարդ 50 րոպե նստել ու քննարկում էին ինձ առանց իմ ներկայության: Փորփրում էին իմ պատմությունը, հեքիաթներ էին հնարում, ստում: Մեկ խոսքով՝ «Թող խոսեն» շոու էին սարքել:

Լուրջ, արդյո՞ք սա քաղաքակիրթ է: Թող յուրաքանչյուրն անձամբ որոշի: Ինձ համար ամեն ինչ հասկանալի դարձավ, ներկաները բացեցին իրենց իսկական դեմքերը: Այժմ իմ խոսելու հերթն է: Խոսակցությունների փոխարեն անցնենք կոնկրետության, որը ես նրանցից խնդրել էի, իսկ նրանք մտածել էին, թե ես անցնելով բոլորի վրայով՝ ցանկանում եմ մեկնել աշխարհի առաջնության և մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Մենք այլ կերպ կվարվենք. սկզբում ես ամեն ինչ ցույց կտամ մրցագորգում, իսկ արդեն հետո կետերով կանցնենք նրանց խոսքերի վրայով: Համոզված եմ՝ այդ խոսակցությունը շատ ավելի արդիական կլինի:

-ՀԱՕԿ-ի հետ պայմանավորվածություն ունե՞ս:

-Գագիկ Ծառուկյանը խոսք է տվել, որ ինձ մարզավիճակս ցուցադրելու հնարավորություն կտան: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունից առաջ և հետո դա տեղի կունենա: Տեղի ունեցածից հետո ինձ համար նշանակություն ունեն միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը: Համոզված եմ այս հարցում նրա պարկեշտության վրա:

Եվս մեկ բան՝ ֆեդերացիան և գլխավոր մարզիչը ցանկանում են, որ մասնակցեմ Հայաստանի առաջնությանը. խնդիր չկա: Եթե դա տեղի ունենա աշխարհի առաջնությունից հետո, կնշանակի, որ հաղթողը Տոկիոյում կներկայացնի Հայաստանը, այնպես չէ՞: Հակառակ դեպքում ինչու են առաջնություն անցկացնում: Սպորտային սկզբունքը պետք է առաջնային լինի: Կհետևե՞ն այդ սկզբունքին: Հուսանք:

-Արսեն Ջուլֆալակյանը բազմիցս ասել է, որ դու ամեն ինչ շոուի և լայքերի համար ես անում, իսկ ըմբիշները հարցերը լուծում են դեմ առ դեմ, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով:

-Դրա՞ համար են նրանք մամուլի ասուլիս հրավիրել: Իմ հեռախոսը միշտ հասանելի է, միշտ պատրաստ եմ խոսակցությունների և անձնական հանդիպումների: Այս ամենը ես չեմ սկսել, բայց եթե անհրաժեշտ է՝ կարող եմ վերջացնել: Դեմ առ դեմ, ինչպես ասում է Արսենը, եթե դա նրա կողմից մարտահրավեր է:

Կարող եմ նրան հրավիրել օկտագոն, բայց նա չի գա: Հավանաբար, պատգամավորական աթոռին ավելի հարմար է: Մրցագո՞րգ, խնդրեմ. իմ երրորդ մենամարտից հետո կարող եմ նրան ուշադրություն դարձնել: Ֆեդերացիան չի զբաղվում ըմբշամարտի մասսայականացմամբ, կզբաղվենք մենք:

Լուսանկարը՝ PanARMENIAN.Net

Share |

Լրահոս

Loading...