Նորվեգիայի Մ19 ընտրանու գլխավոր մարզիչ. Վստահ եմ՝ Երևանում ֆանտաստիկ մրցաշար է լինելու

16:48 23.05.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլ հասնելու համար Նորվեգիայի ընտրանին բավական հետաքրքիր ճանապարհ է անցել։

Որակավորման 2-րդ փուլում Գունար Հալլեի սաներն իրենցից հետ են թողել մեծանուն հավաքականների՝ Գերմանիային, Խորվաթիային, Հունգարիային։ Նորվեգացիները չեն պատրաստվում հրաժարվել հետագա հավակնություններից՝ առավել ևս, որ եզրափակիչ փուլում խաղալու փորձ ունեն։

ՀՖՖ մամուլի ծառայությունը զրուցել է Նորվեգիայի Մ19 ընտրանու գլխավոր մարզիչ Գունար Հալլեի հետ:

- Որակավորման էլիտ փուլում ընդգրկվել էիք Գերմանիայի ընտրանու հետ։ Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այսպիսի դժվար արգելք։

- Խաղի լավ ծրագիր և ճիշտ վերաբերմունք ունեինք։ Գիտենք մեր ուժեղ կողմերը և թե ինչպես կարելի է միասնաբար հաղթել։ Բնականաբար, գիտեինք նաև, թե ինչպես է խաղում և ինչպիսի ուժեղ կողմեր ունի Գերմանիան։ Լավ նախապատրաստվեցինք։ Բոլորը հավատում էին, որ ամբողջ ճանապարհը կարող ենք անցնել որպես ուժեղ կոլեկտիվ։

- Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը, նույն թվում՝ Նորվեգիան, երբևէ չեն հաղթել առաջնությունում։ Այս անգամ ինչպիսի՞ սպասելիքներ ունեք։

- Գիտենք, որ եզրափակիչ փուլում մեծ մրցակցություն կա։ Ուրախ ենք, որ 2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլում ենք խաղալու։ Կարծում ենք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և որակյալ հանդիպումներ անցկացնել նաև եզրափակիչ փուլում։

- Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր են չեմպիոնի կոչման հավակնորդները։ - Շատ դժվար է ասել, թե թիմերից որևիցե մեկը չեմպիոնի կոչման ակնհայտ հավակնորդ է։ Լավ խաղալու համար բոլոր թիմերն էլ ունեն որակական բավական հատկանիշներ։ Շատ լավ խաղեր են սպասվում։

- Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի, մշակույթի և պատմության մասին։

- Գիտենք, որ հայկական ֆուտբոլը զարգանում է, արտերկրում հայ լավ ֆուտբոլիստներ կան՝ ի դեմս ամենահայտնի Հենրիխ Մխիթարյանի։ Շատ ենք սպասում՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հին մեծ պատմությանը Հայաստանում և մասնավորապես` Երևանում։ Վստահ եմ՝ ֆանտաստիկ մրցաշար է լինելու, հաջողություն եմ մաղթում։

Share |

Լրահոս

Loading...