CNN-ը Մխիթարյանի շուրջ սկանդալի ֆոնին Արսենալին և Չելսիին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը

22:51 23.05.2019

Tert.am-ը գրում է:

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսիի» դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:

Հեռուստալիքն ընդգծում է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար և նշում, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:

Աղբյուրը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառ է ներկայացնում՝ նախ երկրպագուների ճամփորդության անհարմարությունները, այնուհետև այն, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և հատկապես այն փաստը, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:

Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալի» համար մեծ կորուստ կարող է լինել, և նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին:

«Եթե «Արսենալը» պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- գրում է CNN-ը:

Միևնույն ժամանակ CNN-ը նկատում է, որ եզրափակիչը հյուրընկալող երկիրը փոխելու որոշումը չափազանց կտրուկ և աննախադեպ կլիներ, սակայն մյուս կողմից նշում է, որ ժամանակակից սպորտի պատմության մեջ երբևէ այնպիսի սահմանափակումներ չեն եղել, որոնք կարող են այս կերպ ազդել խաղացողի վրա:

Եզրափակելով հոդվածը՝ CNN-ը երկու անգլիական ակումբներին առաջարկում է բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսիի» դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Share |

Լրահոս

Loading...