Դա ակումբի ու ֆուտբոլիստի գործն է. Արմեն Մելիքբեկյանը՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

20:23 23.05.2019

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը Վայոց Ձորի մարզ կատարած այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին։

 «Բնական է՝ մենք ու անձամբ ՀՖՖ նախագահը շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին: Այս դեպքում Մխիթարյանը չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, դա ակումբի ու ֆուտբոլիստի գործն է. սա շատ կարևոր է հասկանալ:

Ակումբը և ֆուտբոլիստը քննարկելով նման որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը: Ենթադրում ենք՝ սա լավագույնս պաշտպանում է ակումբի և ֆուտբոլիստի շահերը: Քանի որ այդ գործընթացում ՀՖՖ-ն ուղղակիորեն չէր կարող ներգրավված լինել: Դա միան ակումբի, Մխիթարյանի և ՈՒԵՖԱ-ի խնդիրն էր:  Իմ կարծի՞քը. իմ կարծիքը ՀՖՖ-ի կարծիքն է:  Ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, որոնք պարունակում էին վիրավորանք ազգային պատկանելության հիմքով , դատապարտելի են»,- իր խոսքում նշեց Արմեն Մելիքբեկյանը:

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում։  «Արսենալը» կմրցի  «Չելսիի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...