Իսպանացի մրցավարները գալու էին՝ անկախ Լոռի-Փյունիկ խաղում տեղի ունեցածից. Արմեն Մելիքբեկյան

01:24 24.05.2019

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև «Լոռի»-«Փյունիկ» սկանդալային խաղին, մրցավարական գործողություններին, խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքին և այլ հարցերի.

- Ասել էիք, որ ներքին քննություն է ընթանում «Լոռի»-«Փյունիկ» խաղի հետ կապված: Կա՞ արդյոք որևէ արդյունք ու ի՞նչ պատիժ է նախատեսվում:

- Խոսքը մրցավարական սխալի մասին է, ինչն ամրագրվել է մրցավարական կոմիտեի կողմից՝ որպես ակնհայտ չնշանված 11-մետրանոց: Ինչ վերաբերում է չարձանագրված գոլին, ինչի մասին ևս շատ խոսվեց մամուլում, ինչպես նաև ակումբների ներկայացուցիչների կողմից, պետք է ասեմ, որ այդ դրվագում գոլ չկար, քանի որ կար ակնհայտ ձեռքով խաղ: Սխալը մեկն է եղել. այն է՝ չնշանակված 11-մետրանոց: Պատիժ արդեն կա: Փաստացի անորոշ ժամանակով մրցավարը որակազրկվել է:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մրցավար Արտակ Սիմոնյանին մեղադրել է կանխակալության մեջ: Մեզ համար շատ կարևոր է քննության միջոցով սա պարզելը: Որքան էլ՝ սխալը կոպիտ լինի, բայց եթե այն միտումնավոր չէ, մրցավարը պետք է պատժվի ըստ կանոնակարգի: Բազմաթիվ մրցավարներ աշխարհի առաջնության և այլ կարևորագույն խաղերին թույլ են տվել կոպիտ սխալներ: Վերջիվերջո, Մարադոնան ձեռքով գոլ է խփել և բոլորը տեսել են, մրցավարը չի տեսել: Խոսքն այն մասին է՝ արդյոք միտում կա՞ր, թե՞ ոչ: Սա պարզելը հեշտ չէ: Ամեն դեպքում կան մեխանիզմներ, խաղերի վերլուծություններ, որն էլ մենք հիմա անում ենք: Ուզում ենք մի փոքր հետ գնալ ու մի շարք այլ խաղեր ներգրավել: Օրինակ, մեկ անգամ՝ առաջնության 2-րդ տուրում, Արտակ Սիմոնյանն արդեն սխալվել է, պատժվել է, բայց նրա սխալը եղել է ի վնաս «Արարատ-Արմենիա» ակումբի: Համալիր վերլուծությունը գուցե մեզ ինչ-որ բանի բերի: Ամեն դեպքում, 3-4 օրում դա պարզելը հնարավոր չէ:

- Պարոն Մելիքբեկյան, ամեն դեպքում «Փյունիկը» նշում է, որ նախապես դիմել է ֆեդերացիային՝ խնդրելով փոխել հանդիպման գլխավոր մրցավարին, քանի որ որոշակի կասկածներ է ունեցել: Ինչո՞ւ չընդառաջեցիք «Փյունիկին»:

- Եթե մենք ներդնենք մարդկային գործոնն ու որոշենք ընդառաջել, բոլորը կցանկանան փոխել մրցավարներին: Աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի, որ թիմի խնդրանքը հաշվի առնելով փոխեն մրցավարին: 

Նրանք ճի՞շտ դուրս եկան. ոչ, քանի որ սխալ կարող է անել յուրաքանչյուրը: Այդ նամակից հետո ես զանգահարել եմ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանին ու շատ երկար՝ մոտ 25 րոպե, զրուցել նրա հետ: Ես բացատրեցի, որ աշխատում է համակարգ, ու եթե այդ համակարգով հերթը Սիմոնյանինն է, որը Հայաստանի լավագույն մրցավարիներից մեկն է, մենք չենք կարող դա փոխել: Այդ դեպքում ստացվում է, որ այլ ակումբների՝ նմանօրինակ պահանջները մենք ևս պետք է բավարարեինք, ինչը ՀՖՖ-ն չի արել: Ու առհասարակ, ակումբները չեն կարող ազդել մրցավարության վրա: Նրանք կարող են կարծիք հայտնել, կարող են մեզ աջակցել մրցավարների որակը փոխելու հարցում, մասնակցել քննարկումներին, բայց մրցավար փոխել ոչ ոք չի կարող: Դա միայն կարող է անել ՀՖՖ-ն՝ իր ներքին համակարգով, մասնագետների կարծիքը հաշվի առնելով և այլն:

Պատկերացրեք՝ յուրաքանչյուր խաղից առաջ մեզ դիմեն թիմեր ու ասեն՝ կարծում ենք՝ մրցավարը կանխակալ է: Իսկ եթե մրցավարը սխալ չանե՞ր: Ինչ-որ մեկը խոսելո՞ւ էր այդ մասին: Ասեմ՝ մինչ այս եղել են բանավոր դիմումներ՝ մրցավարին փոխելու խնդրանքով: Ես նույն կերպ զանգահարել եմ այդ ակումբների սեփականատերերին, խոսել ենք, մենք մրցավարին չենք փոխել, ոչ մի սխալ չի եղել ու այդ պատմությունների մասին ոչ ոք չի իմացել:

Խնդիրն այն է, որ այս առաջնությունում մրցավարները սխալվել են և՛ «Փյունիկի» օգտին, և՛՝ «Փյունիկի» դեմ, և՛ «Արարատ-Արմենիայի» օգտին,և՛՝ «Արարատ-Արմենիայի» դեմ, և մնացած ակումբների դեմ և օգտին ևս:

Հիշում ենք՝ վերջերս «Բանանց»-«Ալաշկերտ» խաղում արդյունավետ սխալ եղավ հօգուտ «Բանանցի», երբ 11-մետրանոցը սխալ նշանակվեց: Մրցավարը որակազրկվեց՝ ստանալով իր պատիժը: Սխալներ շատ են եղել, ու ես ցավում եմ դրանց համար: Վատ էր այն, որ այդ սխալը եղավ ամենաանհարմար ու կարևոր պահին ու մեծ արձագանք ստացավ: Եթե այդ սխալը չլիներ, մենք չէինք հիշելու այս պատմության մասին, ինչպես չենք հիշել նախորդ դեպքերում:

Իհարկե, մրցավարական կորպուսում կան խնդիրներ: Չունենք բավարար քանակությամբ մրցավարներ, քանի որ նախկինում չեն եղել շատ թիմեր, այդքան մեծ թվով մրցավարական բրիգադների կարիք չի եղել, մրցավարները  Բարձրագույն խմբի խաղեր դատելու այդքան մեծ փորձ չեն ունեցել: Եվ հետո Հայաստանում ֆուտբոլը վերջին երկու տարում լեգեոներների գալու ու հայ ֆուտբոլիստների որոշակի աճի հետ մեկտեղ արագացել Է: Փոխվել է որակը: Այո, մրցավարական կորպուսում կան խնդիրներ, բայց դրանք մենք չենք կարող լուծել մեկ վայրկյանում, ինչպես որ չենք կարող մեկ վայրկյանում պատրաստել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Դրա համա պետք է համակարգ, ժամանակ: Չենք կարող միանգամից փոխել մրցավարների որակը: Ու ՀՖՖ-ն չի կարող իրեն թույլ տալ բոլոր խաղերին մրցավարիների հրավիրել արտերկրից: Դա շատ թանկ հաճույք է:

- Որքա՞ն:

- Շատ թանկ: ՈւԵՖԱ-ի սահմանած սակագներով.... հիմա դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք գնացինք այդ քայլին: Գավաթի եզրափակչում հրավիրեցինք Ունդիանո Մալենկոյին, բոլորը գոհ էին ու այստեղ հոգեբանական գործոնն էլ կա: Հայ մրցավարների վրա ճնշումը շատ մեծ է: Եթե արտասահմանցի մրցավարը նույն սխալը անի, ոչ ոք չի ասի, թե նա դա միտումնավոր արեց: Բոլորը կհամաձայնեն, որ դա գուցե պարզապես սխալ էր: Ամեն դեպքում, ընդունում եմ, որ աճելու և եվրոպական կարգի մրցավարներին հասնելու շատ տեղ ունենք:

- «Լոռի»-«Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի մասով ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեն ունի՞ բավարար փաստեր ու արդյոք առաջիկա նիստում այդ հարցը կքննվի՞:

- Կարգապահական կոմիտեի նիստն այսօր է: Այն պահից ի վեր, ինչ ՀՖՖ-ն ունի նոր ղեկավարներ, մենք բացարձակապես չենք խառնvում կարգապահական կոմիտեի նիստերին ու իրենց որոշումներին: Բոլորդ տեսել եք տեսանյութերը, ես էլ եմ տեսել: Կարծում եմ՝ դրանք բավարար փաստեր են: Բացի այդ կարծում եմ՝ քննություն կտարվի: Կարծում եմ՝ բացատրություններ կվերցնեն տեսուչից, ակումբի ներկայացուցիչներից, ինչից հետո կհասկանան, թե ինչ որոշում կայացնել:

- Արտասահմանցի մրցավարներ հրավիրելու պրակտիկան կկիրառվի միայն վերջի՞ն տուրերի խաղերում, թե՞ հետագայում էլ, երբ որոշիչ խաղեր լինեն:

- Նախ ասեմ՝ մենք մի փոքր ավելի շուտ էինք պատրաստվում հրավիրել իսպանացի մրցավարներին վերջին տուրերի խաղերի համար: Ստացվեց այնպես, ինչպես ստացվեց:  Բայց մրցավարները գալու էին, անկախ՝ «Լոռի»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածից:

Օգտվելով նրանից, որ շատ լավ գործընկերային հարաբերություններ ունենք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, խնդրել էինք մեզ էլիտ կամ առաջին կատեգորիայի մրցավարական բրիգադներ տրամադրել: «Փյունիկ»-«Արարատ» խաղում ևս կաշխատի արտասահմանցի մրցավար, որի անունը դեռևս չեմ կարող հայտնվել: Վերջին տուրում կտեսնենք, թե մրցավարի հարցն ինչպես կլինի: 

Մենք պատրաստում ենք լայն համագործակցություն 4-5 երկրների հետ, ու դա անում ենք մարտից: Այնպես չէ, որ նստած սպասում էինք այդ խաղի սխալին, որ նոր քայլեր ձեռնարկեինք: Բավականաչափ մեծ ռեֆորմներ ենք նախատեսում մրցավարական կորպուսում: Այդ 4-5 երկրների հետ նախատեսում ենք մրցավարների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքել, որպեսզի կարողանանք կարևորագույն խաղերին այդ երկրներից մրցավարների հրավիրել: Այդ պրակտիկան կկիրառվի հաջորդ տարվանից: Հիմա փաստաթղթային հարցերն ենք լուծում:

Դեռևս չասեմ, թե որոնք են այդ երկրները, բայց դրանք պետք է հնարավորինս մոտ երկրներ լինեն:

Share |

Լրահոս

Loading...