Լուսավոր Հայաստան կուսակցությունը անդրադարձել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին

13:53 24.05.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու խնդրին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը որոշում է կայացրել չմեկնելու Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ մայիսի 29-ին կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը։ 

Հայտարարությունը Facebook-յան իր էջում հրապարակել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․

«ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպա լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները:

Հայտնի է դարձել, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունը աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է: Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի»՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարը արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու:  Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար:

Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ հարցին անդրադարձել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ նշելով, որ որոշումը բացառապես ֆուտբոլիստի և ակումբի տիրույթում է, ֆեդերացիան որևէ կապ չունի դրա հետ։ 

Եզրափակիչ խաղում «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է։ 

Share |

Լրահոս

Loading...