Norway Chess Blitz. Արոնյանը Կարլսենի հետ կիսել է երկրորդ հորիզոնականը

11:29 04.06.2019

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess սուպերմրցաշարը, որի հիմնական պայքարից առաջ մասնակիցներն անցկացրել են բլից մրցաշար:

Norway Chess Blitz-ի հաղթող է դարձել Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Երկրորդ հորիզոնականը կիսել են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 6-ական միավոր, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Շաքրիյար Մամեդյարովը՝ 5 միավոր:

Այսօր երեկոյան մեկնարկելիք հիմնական մրցաշարում չեն լինելու ոչ-ոքիներ: Յուրաքանչյուր տուրի յուրաքանչյուր դիմակայությունում պարտադիր հաղթող է լինելու. եթե պարտիան ոչ-ոքի ավարտվի, շախմատիստները կմրցեն արմագեդոնում՝ 10 րոպե սպիտակ խաղաքարերով, 7 րոպե՝ սև, ոչ-ոքիի դեպքում հաղթանակը կտրվի սև խաղաքարերով մրցող շախմատիստին:

Յուրաքանչյուր տուրում մրցակիցները կարող են վաստակել՝

- 2 միավոր, եթե հաղթում են հիմնական պարտիայում
- 1.5 միավոր, եթե հաղթում են արմագեդոնում
- 0.5 միավոր, եթե պարտվում են արմագեդոնում
- 0 միավոր, եթե պարտվում են հիմնական պարտիայում

Մրցաշարի ֆավորիտը Մագնուս Կարլսենն է, որը խոստովանել է՝ արմագեդոնում միշտ գերադասում է խաղալ սևերով: Սակայն աշխարհի չեմպիոնը 9 տուրից միայն 4-ում է խաղալու սևերով, իսկ «մահվան պարտիայում», կանոնների համաձայն, խաղաքարերը չեն փոխվում:

Կարլսենն ընտրության հնարավորություն չի ունեցել, քանի որ բլից մրցաշարի արդյունքում նրան բաժին է հասել մեկնարկային համարը: Միայն բլից մրցաշարի հաղթող Վաշիե-Լագրավն է ընտրել իր տեղը մեկնարկային աղյուսակում:

Երևանի ժամանակով 19:00-ին մեկնարկելիք առաջին տուրում կայանալու են հետևյալ պարտիաները.

  • Արոնյան - Գրիշչուկ
  • Կարլսեն - Անանդ
  • Մամեդյարով - Կարուանա
  • Վաշիե-Լագրավ - Յույ Յանի
  • Դին Լիժեն - Սո
Share |

Լրահոս

Loading...