Գյուլբուդաղյանց. Բալեկյանի ու Կալիզիրի պահվածքն անհարգալի՞ց էր. այո՛

20:34 07.06.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի Ազգային հավաքականը պատրաստվում է հունիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել Լիխտենշտեյնի հավաքականին: 
 
Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց հավաքականի մի քանի ֆուտբոլիստների առողջական վիճակի, հավաքական չհրավիրվողների և հրավերը մերժած խաղացողների մասին:
 
- Ի՞նչ կասեք Նորբերտո Բալեկյանի մասին, որը նախնական հայտացուցակում կար, սակայն հետո դուրս մնաց: Ինչպես նաև Սարգիս Ադամյանի, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց ու, կարծես, վնասվածք էլ, ֆուտբոլասերները համենայնդեպս, չեն նկատել: Այս երկու ֆուտբոլիստների հետ կապված խնդիրը ո՞րն է:
 
- Նորբերտոյի մասին նախորդ անգամ էլ ասացի. մենք խնդիրներ ենք ունենում Լատինական Ամերիկայում խաղացող ֆուտբոլիստների հետ: Նա մայիսի 15-ին իր վերջին խաղն անցկացրեց: Մենք ամսի 24-ին հրավեր ուղարկեցինք հավաքականից: Ցանկանում էինք, որ այն ֆուտբոլիստները, որոնց առաջնություններն արդեն ավարտվել են, ավելի շուտ գան Հայաստան: Խնդրեցինք, որ նա ամսի 25-ին լինի Հայաստանում, իսկ 27-ից սկսենք մարզումները: Նա մեզ պատասխանեց, որ չի կարող ամսի 4-ից ավելի շուտ գալ: Առաջարկեցինք, որ մեր ֆիզպատրաստության մարզիչն ուղարկի իր ծրագիրը, որ նա գոնե այդ ծրագրով մարզվի մինչև ամսի 4-ը: Բայց նա մեզ պատասխանեց, որ այնպիսի տեղում է, որ մարզվելու հնարավորություն չունի: Հասկացանք, և ինքն էլ ասաց, որ լավ մարզավիճակում չի լինի, եթե գա: Որոշեցինք, որ այս փուլում ավելի լավ է նրան չհրավիրելը, քանի որ դա մեծ ռիսկ էր թե՛ իր, թե՛ մեր հավաքականի համար: Ինչ վերաբերում է Ադամյանին. մեզ բոլորիս ու նաև նրան շնորհավորում եմ բարձր նվաճման համար: Հուսով եմ, որ այդտեղից ավելի բարձրակարգ ակումբ է գնալու: Նա վերջին խաղերն անցկացնում էր վնասվածքով: Մենք գտանք, որ ավելի լավ է՝ վերականգնվի, որ նոր թիմի կազմում մարզումները սկսի ողջ ուժերով:
 
- Բալեկյանի և Ադամյանի պատճառաբանություններն արդյոք ընդունելի՞ են Ձեզ համար, և արդյոք դա վատ վերաբերմունք չէ՞ հավաքականի նկատմամբ: Ու արդյոք Կալիզիրի վերաբերմունքն անհարգալից չե՞ք համարում հավաքականի նկատմամբ:
 
- Նախ սկսեմ Ադամյանից. չեմ գտնում, որ նա անհարգալից վերաբերմունք է ցույց տվել: Նա վնասվածք ունի, որը պետք է բուժել: Եթե չբուժվի, հետագայում հավաքականն էլ կտուժի: Կալիզիրի մասին նախ ասեմ, որ նա դեռ մեկ տարի առաջ պլանավորել էր հարսանիքը և չկարողացավ հետաձգել: Բայց այո, համաձայն եմ ձեզ հետ: Մյուսների համար սա փորձ կլինի, որ այսպիսի սխալներ չանեն: Եթե Հայաստանում մրցակցություն լինի ֆուտբոլիստների առումով, մենք ավելի ազատ կլինենք մեր որոշումների մեջ: Չնայած, դա կապ չունի, քանի որ կարգապահությունը կմնա կարգապահություն:
 
- Խոսեցիք երիտասարդ ֆուտբոլիստներից: Ուկրաինայում հանդես է գալիս 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որը խաղում է բարձրագույն խմբում և արդյունավետ խաղ է ցուցադրում: Արդյոք նա կա՞ ձեր տեսադաշտում ապագայի համար:
 
- Այո, Ավագիմյանը կա մեր տեսադաշտում: Մենք «Ինստատ» վիճակագրական ծրագրով հետևում ենք նրա ցուցանիշներին: Կարծեմ՝ 9 խաղում 2 գոլ է խփել: Աղեկյանին նույնպես հետևում ենք: Մեզ գոլահար հարձակվողներ շատ են պետք, հատկապես՝ երիտասարդ:
 
- Ի՞նչն է խանգարում Գեղամ Հարությունյանին հրավիրել հավաքական:
 
- Գեղամ Հարությունյանը նույնպես կար մեր ընդլայնված կազմում: Վերջին խաղում էլ 4 գոլ խփեց: Բայց այս անգամ մենք որոշեցինք հրավիրել Արթուր Միրանյանին, որը, իմ կարծիքով, ավելի կայուն ֆուտբոլ է ցուցադրում:
 
- Մի շարք խաղացողներ ժամանակին հավաքականի ֆուտբոլիստ էին, բայց հիմա չեն հրավիրվում: Օրինակ՝ Սարկիսովը, Մանոյանը, Ղադիմյանը... Ինչպիսի՞ն է նրանց կարգավիճակը, այլևս չե՞ն հրավիրվելու:
 
- Ոչ այդպես չէ: Բոլորն էլ մեր տեսադաշտում են: Բոլորին էլ հետևում ենք: Ինչ վերաբերում է Սարկիսովին. գիտեք, որ նա վնասվածք էր ստացել: Նրան հրավեր ուղարկել էինք, բայց ինչ-որ խնդիրների պատճառով չեկավ:
 
- Իսկ ի՞նչ կասեք Էդգար Մանուչարյանի մասին: Նա ևս վաղուց չի հրավիրվել հավաքական:
 
- Չկա նման խաղացող, որը, վերջ, այլևս չի հրավիրվելու: Ով կլինի լավ մարզավիճակում, կգտնենք, որ կարող է այդ պահին օգուտ տալ հավաքականին, անպայման կհրավիրենք: Նաև Էդգար Մանուչարյանին:
 
Հավելում ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանից.
 
«Սարգիս Ադամյանին հրավերն ուղարկվել էր այն ժամանակ, երբ նա դեռ «Յան Ռեգենսբուրգում» էր խաղում: Եվ «Յան Ռեգենսբուրգից» մեզ գրավոր մանրամասն պատասխան էր եկել այն մասին, թե նա ինչ վնասվածք ունի և ինչ բուժում պետք է անցնի»: Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց հավաքականի մի քանի ֆուտբոլիստների առողջական վիճակի, հավաքական չհրավիրվողների և հրավերը մերժած խաղացողների մասին:
 
 
Share |

Լրահոս

Loading...