Արմեն Գյուլբուդաղյանց. Այս խմբի լավագույն ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում

23:17 08.06.2019

ԵՎՐՈ-2020-ի J խմբում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Լիխտենշտեյնի հավաքականին: Մեր ընտրանին 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Խաղից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Խաղը լավ դասավորվեց մեզ համար: Արագ գոլ խփեցինք: Նախատեսել էինք բարձր պրեսինգ անել, մեծ ճնշում գործադրել նրանց տուգանային հրապարակում ու գնդակը խլելուց հետք արագ պատասխան գրոհներ սկսել: Փառք Աստծո, լավ ստացվեց: Ճիշտ է՝ գոլային շատ պահեր ունեցանք, չկարողացանք իրացնել դրանք: Մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Ոչ թե մրցակիցն էր ստիպում, այլ մենք էինք սխալվում: Ճիշտ է՝ Լիխտենշտեյնը չպատժեց մեզ, բայց հաջորդ խաղերին պետք է ավելի ուշադիր լինենք:

- Այսօր բոլորովին այլ հավաքական տեսանք, ոչ միայն խաղային, այլև ցանկության, նվիրվածության և մոտիվացիայի առումով: Այս ընթացքում ի՞նչ հաջողվեց փոխել ու ինչո՞ւ նախորդ խաղերում դա չէր ստացվում: 

- Կարծեմ, Մակեդոնիային 4-0 հաշվով հաղթելու ժամանակ էլ նույն տրամադրվածությունը կար թիմում: Նախ սկսեմ նրանից, որ Բոսնիայի հետ խաղում տղաները մեծ նվիրվածությամբ խաղացին, պարզապես չհասցրինք վերականգնվել: Հենակետային գծում մենք խնդիրներ ունեինք: Կառլեն Մկրտչյանը հիվանդ էր, իսկ Արտակ Գրիգորյանը չէր հասցրել վերականգնվել: Ճիշտ է՝ տրամադրվածությունը և ցանկությունը ամենակարևոր գործոններից են: Չեմպիոնների լիգայի վերջին խաղերն էլ հենց դա են ապացուցում: Բայց նաև պետք է կարողանանք շուտ վերականգնվել: Հիմա մեր առաջնային խնդիրը Հունաստանի հետ խաղից առաջ վերականգնվելն է:

- Ի՞նչ կասեք Պետրոս Ավետիսյանի խաղի մասին: Եվ Էրիկ Վարդանյանի մասին, որին, կարծես, չէիք ցանկանում խաղաժամանակ տրամադրել ու չտրամադրեցիք:

- Չէի ասի, որ չեմ պատրաստվում Էրիկին շանս տալ: Ամեն անգամ նույն բանն եմ կրկնում. ես շատ եմ ցանկանում տեղ տալ երիտասարդներին: Երևի տեղյակ չեք, որ Էրիկը խնդիրներ ունի ծնկի վնասվածքի հետ, գնացել էր Լեհաստան: Էրիկը «Փյունիկի» վերջին խաղին մասնակցե՞լ է: Չի մասնակցել: Ինչո՞ւ: Եթե Էրիկն այսպես մարզվի, նրան անպայման տեղ կտանք: Նա մեր տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է ու հայկական ֆուտբոլի ապագան: Տեսաք, Պետրոս Ավետիսյանն արդեն խաղաց: Ես հավատում եմ, որ նա կարող է ավելի լավ խաղալ: Չնայած՝ գոհ եմ խաղից:

- Մեր խմբում այսօր հետաքրքիր զարգացումներ եղան. Ֆինլանդիան հաղթեց Բոսնիային, ու երկրորդ տեղի համար պայքարում թիմերը խտացան: Ըստ Ձեզ, դա հավաքականի համար նոր հորիզո՞ն բացում է, որ ավելի նպատակամղված պայքարի:

- Երբ վիճակահանությունը եղավ, մենք ասացինք, որ պետք է փորձենք խաղից խաղ առաջ գնալ, կենտրոնանալ ամեն խաղի վրա, պետք է սերնդափոխություն անենք, տեղ տանք երիտասարդներին, իսկ թե հետո ինչպես կստացվի՝ չգիտեմ: Մենք հիմա պատրաստվում ենք Հունաստանի հետ խաղին: Եթե անընդհատ մտածենք նման բաների մասին, դա մեզ համար դա մեծ ճնշում կլինի ու դժվար կլինի:

- Խոստովանեք, որ մեր հավաքականն առաջին կեսում ցուցադրեց իր պատմության լավագույն խաղերից մեկը: Բայց երկրորդ կեսում երբ գործը հասավ արդեն պաշտպանությանը, պարզունակ սխալներ թույլ տվեցինք: Հունաստան մեկնելուց առաջ դա Ձեզ չի մտահոգո՞ւմ: -

Երկրորդ խաղակեսին էլ գոլային պահեր ունեցանք: Երկու անգամ դարպասաձողը փրկեց, մոտ տարածություններից չկարողացանք գրավել դարպասը: Բայց, այո՛, մենք կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Ինչ վերաբերում է պատմության լավագույն խաղն անցկացնելուն, կասեի, որ Մակեդոնիայի հետ խաղում էլ շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք ու հաղթեցինք 4-0:

- Կցանկանայի, որ խոսեիք նաև Արամ Հայրապետյանի մասին. մեր սուր զգացողություններն ապահովեց: Հնարավո՞ր է արդյոք, որ Հունաստանի դեմ խաղում փոփոխություններ տեսնենք պաշտպանության գծում և դարպասում:

- Երկու օր ժամանակ ունենք. կնայենք, կվերլուծենք: Մտածել ենք, թե ինչ մարտավարությամբ պետք է խաղանք: Բայց վերջնական որոշումն ավելի ուշ կկայացնենք: Մինչ այս խաղը բոլորը ասում էին, որ Արամ Հայրապետյանը մեր լավագույն դարպասապահներից մեկն է: Ֆուտբոլն այդպիսին է, մեկ անգամ սխալվում ես, էմոցիոնալ են լինում արձագանքները: Փորձենք հետ բերել նրա վստահությունը: Վերջին երեք խաղերում լավագույններից մեկը հենց Արամն էր: Ես հավատում եմ նրան, համոզված եմ, որ հուսալի կխաղա: Չնայած՝ մի քանի դրվագում փրկեց մեզ:

- Կամո Հովհաննիսյանը ձախից, Հովհաննես Համբարձումյանը՝ աջից. սա այս պահին լավագո՞ւյն համադրությունն է: Կամոյի խաղը առհասարակ ձախ եզրում ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Կամոն իր ակումբում վերջին խաղում խաղացել էր ձախ պաշտպանի դիրքում ու գոլ էր խփել: Հավատացեք՝ Կամոյի համար քիչ տարբերություն կա՝ կխաղա ձախի՞ց, թե՞ աջից: Մենք ձախ եզրում խնդիրներ ունեինք, ու Կամոն կարողացավ այդ խնդիրները լիովին լուծել:

- Մեր կազմում անհատապես լավ ֆուտբոլիստներ կան: Չեք կարծո՞ւմ, որ Ձեր մարզչական խնդիրն է, որ մեր անհատ ֆուտբոլիստների առավելությունը մյուս թիմերի, մրցակիցների նկատմամբ դրսևորվի խաղադաշտում:

- Այո, իմ խնդիրն է: Ինչ վերաբերում է լավ ֆուտբոլիստներին՝ կասեի, որ այս խմբի լավագույն ֆուտբոլիստը մեր թիմում է խաղում՝ Հենրիխ Մխիթարյանը: Մենք էլի լավ ֆուտբոլիստներ ունենք: Ինչ վերաբերում է տակտիկական մտահաղացումներին՝ ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե մենք Բոսնիայում դժգույն խաղ ենք ցուցադրել: Ոչ, մենք Բոսնիայում ճիշտ մարտավարություն ենք ընտրել: Տղաները լավ խաղացին, գոլային պահեր ունեցանք, բայց չկարողացանք օգտագործել:

Share |

Լրահոս

Loading...