Թագաժառանգն ընդդեմ արքայի․ Ռոլան Գարոսը կունենա՞ նոր չեմպիոն

12:08 09.06.2019

Փարիզում նրա դեմ խաղալիս յուրաքանչյուրի հնարավորությունները կրկնակի քիչ են։ Նշանակություն չունի՝ աշխարհի առաջին ռակետ Նովա՞կն ես, լեգենդար Ռոջե՞րը, թե՞ նպատակասլաց Դոմինիկը․ «Ռոլան Գարոսին» մասնակցելիս երբեք չպետք է մոռանաս՝ Փարիզում արքան Ռաֆայել Նադալն է։

Այսօր իսպանացին 12-րդ անգամ «Ռոլան Գարոսի» գավաթը բարձրացնելու հնարավորություն ունի։ 15 մրցաշրջան անցկացնելով փարիզյան կորտերում՝ Նադալն ընդամենը 2 պարտություն է կրել (92 հաղթանակ)։ Հարցը, թե ինչով է պայմանավորված այս բացառիկ ցուցանիշը, մեկ միանշանակ պատասխան չունի, սակայն Փարիզում Նադալի խաղերի օրերին անգամ եղանակն է համեմատաբար քիչ ընդվզում։

Նադալին հենց այնպես չեն անվանում «գրունտի արքա»։ 33-ամյա թենիսիստը մոտ 100 գրունտային մրցաշարի է մասնակցել՝ կրելով ընդամենը 39 պարտություն։ Այդ պարտություններից երկուսը եղել են Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Պատմության մեջ ոչ մի թենիսիստ Grand Slam շարքի մրցաշարերում նման ցուցանիշ (14 տարվա մասնակցության ընթացքում) չի գրանցել։

Ընթացիկ խաղարկությունը Նադալի համար 15-րդն է «Ռոլան Գարոսում»․ 2 պարտություն, 11 տիտղոս։ Նման թվերը պայմանավորված են նրանով, որ 2016 թվականին երրորդ շրջանի՝ Մարսել Գրանոլերսի հետ խաղին Նադալը պարզապես չի մասնակցել, իսկ նախքան խաղի մեկնարկը մասնակցությունից հրաժարվելը չի գրանցվում որպես պարտություն և չի ազդում վիճակագրության վրա։

Այսօր ականատես ենք լինելու «Ռոլան Գարոսի» նախորդ խաղարկության եզրափակչի կրկնությանը․ Նադալը կրկին մրցելու է ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որին էլ գրունտի վրա անչափ տպավորիչ ելույթների համար անվանում են «գրունտի արքայազն»։

Եզրափակիչ տանող ճանապարհը

Փարիզում Տիմը պայքարը սկսել է Թոմի Պոլի հետ (6-4, 4-6, 7-6, 6-2), այնուհետև հաղթել է Ալեքսանդր Բուբլիկին (6-3, 6-7, 6-3, 7 5) , Պաբլո Կուևասին (6-4, 4-6, 6-2, 7-5)։ Առաջին լուրջ փորձությունը Գաել Մոնֆիսի հետ խաղում էր (6-4, 6 4, 6-2), որին հաջորդեց Կարեն Խաչանովի նկատմամբ հաղթանակը (6-2, 6-4, 6-2) և Նովակ Ջոկովիչի հետ երկու օր տևած համառ, էմոցիաներ ու էներգիա խլող կիսաեզրափակիչը։

Նադալը մեկնարկեց Յանիկ Հանֆմանի նկատմամբ հաղթանակով (6-2, 6-1, 6-3), որին հաջորդեցին Յանիկ Մադենի (6-1, 6-2, 6-4), Դավիդ Գոֆենի (6-1, 6-3, 4-6, 6-3), Իգնասիո Լոնդերոյի (6-2, 6-3, 6-3), Կեի Նիսիկորիի (6-1, 6-1, 6-3) և Ռոջեր Ֆեդերերի (6-3, 6-4, 6-2) հետ հանդիպումները։

Փաստեր, որոնք պետք է իմանալ եզրափակչից առաջ

Փարիզում Տիմը Նադալի դեմ դեռևս անզոր է

Նադալն ու Տիմը հանդիպել են 12 անգամ, 8 հաղթանակ տոնել է իսպանացին։ Տիմը ցույց է տվել Նադալին հաղթելու իր կարողությունը, վառ օրինակ՝ այս մրցաշրջանում Բարսելոնայի մրցաշարը։ Սակայն իսպանացին ավստրիացու նկատմամբ առավելություն ունի «Ռոլան Գարոսում»։ Փարիզում թենիսիստները հանդիպել են 3 անգամ, և Նադալը հաղթել է բոլոր 9 սեթերում։ Ընդ որում, ավստրիացին այդ խաղերում 4 գեյմից ավելի չի հաղթել։

Առաջին սեթի կարևորությունը

Հավանականություն կա, որ այսօրվա խաղի առաջին սեթում հաղթողը կդառնա չեմպիոն։ Վիճակագրության համաձայն՝ թենիսիստների նախորդ հանդիպումների ճնշող մեծամասնությունում հենց այդպես էլ եղել է։ Միայն նախորդ մրցաշրջանի ԱՄՆ-ի բաց առաջնությունում առաջին սեթում պարտվելուց հետո Նադալը կարողացել է հաղթանակի հասնել։

Մատուցման կարևորությունը

«Ռոլան Գարոսում» թենիսիստների նախորդ հանդիպումներում առանցքային վիճակագրություն կա։ Տիմի հետ փարիզյան հանդիպումներում Նադալը միավորների 73,6%-ը (117/159) հաղթել է առաջին մատուցման արդյունքում։ Տիմի դեպքում այս ցուցանիշը կազմում է 57,8%։ 25-ամյա թենիսիստի համար առավել անհանգստացնող պետք է լինի այն, որ նախորդ խաղարկության եզրափակչում Նադալն իր միավորների 82%-ն է վաստակել առաջին մատուցման շնորհիվ։

Առավելություն հանգստի տեսքով

Փարիզում երկու շաբաթվա ընթացքում Նադալը կորտում անցկացրել է 13 ժամ 24 րոպե, Տիմը՝ 15 ժամ 25 րոպե։ Եթե մյուս դեպքերում 2 ժամի տարբերությունը կարող է վճռորոշ չլինել, այստեղ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիմը եղանակային պայմանների պատճառով աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ կիսաեզրափակիչն ավարտին է հասցրել ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ՝ գրեթե չունենալով Նադալի դեմ պատրաստվելու հնարավորություն։

Տպավորիչ նվաճումների բացառիկ հնարավորություն

  • Նովակ Ջոկովիչի նկատմամբ հաղթանակից հետո Դոմինիկ Տիմը բացառիկ հնարավորություն ունի դառնալու ընդամենը 9-րդ թենիսիստը, որին հաջողվում է Grand Slam շարքի մրցաշարում հաղթել աշխարհի առաջին և երկրորդ ռակետներին։ Այժմ կարիերան շարունակող թենիսիստներից նման արդյունքի հասել է միայն Ստեն Վավրինկան։
  • Եթե Տիմին հաջողվի հաղթանակի հասնել,  նա կընդհատի Grand Slam-երում Ջոկովիչի, Ֆեդերերի և Նադալի գերիշխանությունը։ Grand Slam շարքի վերջին 9 մրցաշարերում այս թենիսիստներից յուրաքանչյուրը 3-ական հաղթանակ է տոնել։
  • Տիմը կարող է դառնալ ընդամենը երկրորդ ավստրիացին, որը Grand Slam է նվաճում։ 1995 թվականին նույն «Ռոլան Գարոսում» չեմպիոն է դարձել Տիմի հայրենակից Թոմաս Մուստերը։

Կկարողանա՞ հոգնատանջ Տիմը նման հաջողությունների հասնել, թե՞ աներկբա ֆավորիտը կրկին հանգստությամբ գործն ավարտին կհասցնի ու Փարիզից կհեռանա 12-րդ գավաթով։ Կիմանանք մի քանի ժամից․ եզրափակիչ հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։

Share |

Լրահոս

Loading...