Արդյունքները գոհացուցիչ են, աշխատանքը՝ շարունակելի. Արմեն Բաբալարյանն ամփոփում է Եվրոպայի առաջնությունը

16:56 10.06.2019

Մրցավարությունից դժգոհելու փոխարեն պետք է աշխատել սեփական սխալների վրա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նման եզարակացության է եկել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո:

Հայաստանի հավաքականի 9 ներկայացուցիչներից 4-ը մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: Մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է իր սաների ելույթներից, սակայն ընդգծում է՝ աշխարհի առաջնությունից առաջ պետք է շատ աշխատեն:

Խոսելով 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Սահակ Հովհաննիսյանի մասին՝ Արմեն Բաբալարյանը բավարար գնահատական է տալիս՝ հիշեցնելով, որ Սահակի համար սա առաջին մասնակցությունն էր Եվրոպայի երիտասարդական առաջնությանը.

«Սահակ Հովհաննիսյանը 4 գոտեմարտ անցկացրեց, 3 փայլուն հաղթանակ տոնեց և միայն կիսաեզրափակչում պարտվեց վրացի մրցակցին: Պետք է նշեմ, որ Սահակը պատանիների հավաքականից նոր է տեղափոխվել երիտասարդական: Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նա առաջին անգամ էր մասնակցում. այնպես որ՝ կարելի է մասնակցությունը բավարար գնահատել»:

63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Հրաչյա Պողոսյանից ևս Բաբալարյանը գոհ է՝ չնայած հիշեցնում է, որ կիսաեզրափակչում Հրաչյան պետք է ավելի լավ հանդես գար.

«Հրաչյա Պողոսյանն ավելի փորձառու է երիտասարդական հավաքականի համար: Նա ևս 4 գոտեմարտ անցկացրեց՝ 3-ում հաղթելով միավորների բացարձակ առավելությամբ: Հրաչյան պարտվեց թուրք ըմբիշին, որին անցյալ տարվա աշխարհի առաջնությունում հաղթել էր 10-0 հաշվով:

Ես մրցավարներից բողոքելու սովորություն չունեմ, սակայն պետք է ասեմ այն, ինչ տեսել եմ: Հրաչյայի գոտեմարտում մրցավարը դեղին քարտ ցույց տվեց թուրք ըմբիշին, ինչը նշանակում է, որ երկրորդ զգուշացման դեպքում պետք է միավորով պատժեր, սակայն նման բան չեղավ: Գոտեմարտից հետո ես զրուցել եմ վրացի մրցավարի հետ, նա ընդունել է սխալը: Ամեն դեպքում, ես մեր պարտությունների մեղավորությունը չեմ գցում որևէ մեկի վրա, պատասխանատվությունը մեզ վրա ենք վերցնում: Նման դեպքերը մեզ ավելի են ուժեղացնում»:

Խոսելով 67 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Հայկ Մելիքյանի մասին՝ Բաբալարյանը շեշտում է Հայկի համար այս մեդալի կարևորությունը.

«Հայկ Մելիքյանն արդեն մի քանի տարի տարբեր քաշային կարգերում փորձում էր և փորձում... Անընդհատ ինչ-որ խանգարող հանգամանքեր էին լինում, սակայն այս տարի նա փաստացի ապացուցեց, որ և՛ Հայաստանում է ուժեղագույնը, և՛ Եվրոպայում: Եզրափակչում նա չկատարեց մեր հանձնարարությունները, ինչն էլ նման արդյունքի պատճառ դարձավ: Մեր տղաները պարտվել են տակտիկական սխալների պատճառով, ոչ թե թույլ են եղել»:

72 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Մալխաս Ամոյանի գոտեմարտերը գոհացրել են Արմեն Բաբալարյանին, սակայն մարզիչը նշում է, որ կիսաեզրափակչում Մալխասը կարող էր հաղթել միավորների ավելի մեծ տարբերությամբ.

«Վերջին 4 տարիներին Մալխասը հանդես է եկել տարբեր քաշային կարգերում: Այս քաշային կարգում Մալխասը Եվրոպայի չեմպիոն չէր եղել: Վիճակահանությամբ Մալխասի ենթախմբում էին Եվրոպայի ու աշխարհի բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները: Նման վիճակահանությունից հետո պարզ էր, որ հենց այս ենթախմբի հաղթողն է դառնալու չեմպիոն:

Ռուս ըմբիշ Սերգեյ Ստեփանովի հետ գոտեմարտում ընդհանուր 9 միավոր եղավ: Բոլոր միավորները հեղինակեց Մալխասը. նա վաստակեց 5 միավոր և 4 միավոր տվեց մրցակցին: Մենք պետք է վերացնենք սխալները»:

Արմեն Բաբալարյանը նշում է, որ նախքան օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունն ըմբիշները 3 ուսումնամարզական հավաք կանցկացնեն, սակայն ծրագրերում այլ հստակություն դեռևս չկա.

«Նախքան աշխարհի առաջնությունը 3 ուսումնամարզական հավաք կանցկացնենք, պետք է աշխատենք սխալների վրա, որպեսզի առաջնությանը լավ մասնակցենք: Տղաները պետք է ավելի լավ պատրաստվեն: Այսօրվա երիտասարդներից բոլորին էլ պատկերացնում եմ մեծահասակների հավաքականում»:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...