Դասեր քաղել և առաջ շարժվել. Մեդալակիր ըմբիշները՝ ԵԱ-ում իրենց ելույթների մասին

17:44 10.06.2019

Յուրաքանչյուր մրցաշարից պետք է դասեր քաղել, ճիշտ հետևություններ անել և շարունակել առաջընթաց գրանցել. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները գիտակցում են Պոնտևեդրայում (Իսպանիա) կայացած Եվրոպայի առաջնությունում թույլ տված սխալների գինը և պատրաստվում են ավելի հաջող հանդես գալ առաջիկա մրցումների ժամանակ:

60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանն առաջինն անգամ էր մասնակցում Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և հենց առաջին փորձից դարձավ բրոնզե մեդալակիր: Սահակն ասում է, որ առաջնությունից համապատասխան հետևություններ է արել.

«Բոլոր գոտեմարտերն իրենց դժվարություններն ունեին: Յուրաքանչյուր մրցումից էլ դասեր ենք քաղում: Երբ գոտեմարտը կողքից ենք դիտում, հասկանում ենք՝ ինչ թերացումներ ենք ունեցել: Այս Եվրոպայի առաջնությունն էլ իր չափով դասեր տվեց հետագա մրցումների համար: Կփորձենք մեր մարզիչների հետ շտկել սխալները և ավելի լավ պատրաստվել առաջիկա մրցաշարերին»:

Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որն իր գլխավոր թերացումը համարում է թուրք Աբդուլահ Տոպրակի հետ կիսաեզրափակիչ փուլի գոտեմարտը.

«Ես երկու սխալի պատճառով զրկվեցի արծաթե կամ ոսկե մեդալից: Կփորձեմ այս սխալները շտկել, որպեսզի աշխարհի առաջնությանն ավելի լավ հանդես գամ: Տոպրակի հետ նման գոտեմարտ չէի սպասում, նա փոխել էր տակտիկան: Այժմ գիտեմ, որ պետք է պատրաստ լինեմ բոլոր տեսակի տակտիկական փոփոխությունների»:

67 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Մելիքյանն առաջին արծաթե մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում, ինչը մեծ ձեռքբերում է համարում.

«Այս Եվրոպայի առաջնությունն ինձ հավատ ներշնչեց: Սա ինձ համար մեծ ձեռքբերում է, առաջին մեդալս է: Մարզիչներիս հրահանգները ճիշտ չկատարելու պատճառով եզրափակիչ գոտեմարտս տանուլ տվեցի: Հիմա կփորձեմ մարզիչներիս հետ ավելի ճիշտ աշխատել և լավ ներկայանալ մյուս մրցումներին ու ոսկե մեդալով վերադառնալ»:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Մալխաս Ամոյանը (72 կգ) նշում է, որ ոսկե մեդալը ոչ թե պարզապես ուրախացնում է, այլ ոգևորում՝ նոր հաջողությունների հասնել.

«Այս հաղթանակն ինձ ավելի է ոգևորում, որպեսզի կարողանամ մյուս մրցաշարերին առավել վստահ մասնակցել: Այն, որ չեմպիոն եմ դարձել, չի նշանակում, որ աշխատելու տեղ չունեմ: Դեռ շատ-շատ պետք է աշխատեմ: Հավաքականի և իմ անձնական մարզիչների հետ պետք է էլի աշխատեմ, որպեսզի մյուս մրցաշարերին ավելի լավ մասնակցեմ: Քանի որ հաղթանակիս օրը փոքրիկ եղբորս տարեդարձն էր, չեմպիոնությունս նվիրում եմ հենց նրան»:

Երիտասարդ ըմբիշները նշում են, որ առանց մարզիչների չէին կարող նման հաջողությունների հասնել: Մալխասը թիմի անունից շնորհակալություն է հայտնում մարզիչներին և ընդգծում՝ լավատեսությամբ են սպասում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը.

«Ուզում եմ թիմի անունից շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, մարզիչ Մովսես Կարապետյանին: Այս ամիսների ընթացքում նրանց տանջանքը շատ է եղել, շատ են աշխատել: Կարելի է ասել մեզանից շատ են սթրես տարել: Ուրախ եմ, որ մենք ունենք շատ լավ թիմ, շատ ուժեղ հավաքական: Մենք համախմբված ենք: Վստահ եմ՝ մեր մյուս ընկերները, որոնք մեդալ չեն նվաճել, աշխարհի առաջնության ժամանակ կնվաճեն: Նաև շնորհավորում եմ ազատոճայիններին, որոնք ևս կարողացան մեդալներ նվաճել»:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...