Կամո Հովհաննիսյան. Պետք է հավատանք, որ կարող ենք հաջողության հասնել

14:56 10.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Հունաստանի հետ խաղից առաջ Աթենքում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ճիշտն ասած չեմ զգացել, որ ձախ եզրում խաղալով` ավելի քիչ եմ միացել գրոհներին: Գուցե կողքից նայելով այլ տպավորություն է: Սովորական է դարձել ինձ համար ձախից խաղալը: Կան ինչ-որ փոփոխություններ, բայց այդքան էլ շատ չէ տարբերությունը:

Իմ ամենաօպտիմալ խաղային դի՞րքը. ճիշտն ասած ֆուտբոլում հիմա ամեն ինչ այնպես է խառնվել իրար, որ պաշտպաններն ու կիսապաշտպանները գրեթե նույն գործառույթներն են կատարում: Արդեն մարզչի նախընտրության հարցն է: Հիմնականում ինձ ավելի շատ հարմար է եզրում խաղալը: Էդգար Բաբայանի հետ միևնույն եզրում խաղալու քիչ փորձ ունեմ, բայց ինչքան` խաղացել եմ, շատ հարմար է եղել: Գևորգ Ղազարյանի հետ ևս շատ հարմար է, քանի որ նա ահռելի աշխատանք է կատարում դաշտում` թե՛ հարձակվելիս , թե՛ պաշտպանվելիս»:

- Վերջին 1-2 տարում հավաքականի ամենակայուն խաղացող ֆուտբոլիստներից ես: Արդյոք դրան նպաստե՞ց այն, որ տեղափոխվեցիր արտասահման ու ամրապնդվեցիր այնտեղ:

- Բնականաբար, արտասահմանում բոլորովին այլ ֆուտբոլ է, այլ արագություն: Ղազախստանում արագաուժային ֆուտբոլ է, ֆիզիկական, փորձում ես հարմարվել դրան ու աճ գրանցել: Եթե չպետք է աճ գրանցես, ինչ իմաստ ունի շարունակելը: Այո, ինձ շատ է օգնել արտասահմանյան առաջնություններում հանդես գալը` թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի առաջնություններում: 

- Եվրո-2020-ի նախընտրական փուլի մեկնարկային երկու պարտությունից հետո Հայաստանի հավաքականը քննադատության թիրախում էր հայտնվել: Քննադատությունները ֆուտբոլիստներին խանգարո՞ւմ են, թե՞ ընդհակառակը` մոտիվացնում:

- Նախևառաջ ֆուտբոլիստներին քննադատողները հենց իրենք են: Ամեն խաղից հետո նայում ենք խաղի տեսագրությունը, տեսնում ենք, թե որտեղ ինչ սխալ թույլ տվեցինք ու փորձում ենք հետագայում շտկել դրանք: Ճիշտ է` երկու խաղում պարտություն կրեցինք, բայց հիմա տրամադրվածությունը բոլորովին այլ է: Դրական ենք տրամադրված ու ամեն ինչ անելու ենք հաջողության հասնելու համար:

- Քննադատությունների է ենթարկվում նաև գլխավոր մարզիչը: Շատերը խոսում են նաև հրաժարականի մասին: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

- Պարտություններից հետո միշտ մարզչին են մեղադրում ... բայց հիմա որ մասնագետն էլ գլխավորի թիմը, կողքին անպայման հայտնվելու են մարդիկ, որ ասելու են` պետք է այս ֆուտբոլիստներին խաղացնել, այս տակտիկական սխեմայով խաղալ: Պետք է պարզապես ժամանակ տալ մարզչին ու համբերատար լինել: Արդյունքներ կլինեն: Չի կարելի ամեն անգամ մարզիչ նշանակել ու մի քանի ամիս անց նա հեռանա` չհասցնելով որևէ բան անել:

- Մեր մրցակիցների խաղերի արդյունքներից ելնելով, կարծես, մեր հավաքականի համար հույս է արթնացել, իհարկե վաղը հաջող հանդես գալու դեպքում ...

- Դեռ ընդամենը 3 խաղ ենք անցկացրել: Առջևում 7 խաղ կա: Շանսեր միշտ էլ կան: Կփորձենք ամեն շանսն առավելագույնս օգտագործել:

- Վաղվա խաղին մեծ թվով երկրպագուներ են սպավում: Ի՞նչ կասեք նրանց:

- Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր վաղը գալու են մարզադաշտ ու աջակցեն մեզ: Պետք է հույսով հավատով լցվենք ու միասնական մտնենք դաշտ` այն հավատով, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ ու հաջողության հասնել:

Share |

Լրահոս

Loading...