Տիտղոս, գումար և պահեստային հնարավորություն ԵՎՐՈ-2020-ի համար. Պորտուգալիան հաղթեց Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում

13:41 10.06.2019

Եվրոպայի 2004 թվականի առաջնությունը Կրիշտիանու Ռոնալդուի համար Պորտուգալիայի հավաքականի կազմում առաջին խոշոր առաջնությունն էր։

19-ամյա ֆուտբոլիստն առաջնությունում խփեց 2 գոլ և կատարեց նույնքան գոլային փոխանցում, հայտնվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում, սակայն այս ամենից շատ հիշվեցին Հունաստանին պարտված եզրափակչից հետո նրա արցունքները։ 

15 տարի անց Ռոնալդուն Պորտուգալիային դուրս բերեց նորաստեղծ Ազգերի լիգայի եզրափակիչ և ազգային ընտրանու հետ նվաճեց երկրորդ տիտղոսը։ 2004 թվականի հուլիսի 4-ին Ռոնալդուի հետ Հունաստանի դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից ոչ ոք չկար Հոլանդիայի դեմ եզրափակչում։ Այդ խաղին հայտավորվածներից կարիերան շարունակում են միայն Ռոնալդուն և պահեստային դարպասապահ Ժոզե Մորեյրուն, որը խաղում է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում։

Վան Դեյկն ու Դե Լիգտը Ռոնալդուին թույլ չտվեցին կարիերայի լավագույն հանդիպումն անցկացնել, սակայն դա 34-ամյա պորտուգալացուն չխանգարեց առաջինը գլխավերևում պահել նոր տիտղոսը։

Պորտուգալիա-Հոլանդիա եզրափակչի մասին

Առաջին 59 րոպեի ընթացքում հավաքականները շատ հուսալի էին պաշտպանությունում։ Հնարավորություններ ունեին Կրիշտիանու Ռոնալդուն, Մեմֆիս Դեպայը, Բերնանդու Սիլվան, սակայն կա՛մ խանգարում էին հոլանդացիներից Վիրջիլ վան Դեյկն ու պորտուգալացիներից Ժոզե Ֆոնտեն, կա՛մ հուսալի էր «նարնջագույնների» դարպասապահ Յասպեր Սիլեսենը։

Խաղի ընթացքը բեկվեց 60-րդ րոպեին։ Բերնարդու Սիլվայի բավականին ուժեղ փոխանցումը կարողացավ գոլով եզրափակել Գուեդեշը։ Հոլանդիան անմիջապես արձագանքեց բաց թողած գոլին՝ սկսելով ավելի ակտիվ խաղալ և պահեր ստեղծել։ Հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ուներ Դեպայը, սակայն ԵՎՐՈ-2016-ի չեմպիոնները չափազանց հուսալի էին գործում, պաշտպանությունում աշխատանքից չէր խուսափում անգամ Կրիշտիանուն։ Արդյունքում՝ 1-0, և Ազգերի լիգայի առաջին տիտղոսը Պորտուգալիայինն է:

Մրցանակներ

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Ազգերի լիգայի առաջին եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռուբեն Դիաշը։ «Երիտասարդ կենտրոնական պաշտպանը գերվստահ խաղ ցուցադրեց։ Պեպեի բացակայությամբ նա կարողացավ պատասխանատվություն վերցնել իր վրա»,- մրցանակը Դիաշին հանձնելիս ասաց ՈւԵՖԱ-ի տեխնիկական փորձագետ Դևիդ Մոյեսը։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ Բերնարդու Սիլվա (Պորտուգալիա)

Սիլվան Ազգերի լիգայի և՛ կիսաեզրափակչում, և՛ եզրափակչում փայլուն հանդես եկավ՝ խաղամակարդակի հետ կապված որևէ կասկած չառաջացնելով և թիմակիցների համար պահեր ստեղծելով։ Նա Պորտուգալիայի հավաքականի համար օգտակար էր ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա կատարած աշխատանքով։

Առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ֆրենկի դե Յոնգ (Հոլանդիա)

Այս մրցանակը կարող էր ստանալ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստ։ Ֆրենկին շարունակում է առաջընթաց գրանցել, իսկ Ազգերի լիգայում ստացած փորձը նրան ավելի կօգնի այդ հարցում։

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկու՝ Կրիշտիանու Ռոնալդուն (3 գոլ)

34-ամյա պորտուգալացին փայլեց Շվեյցարիայի դեմ կիսաեզրափակչում։ Ռոնալդուն այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ ապահովելով հերթական անձնական մրցանակը։

Առանցքային փաստեր եզրափակչի վերաբերյալ

1 - Պորտուգալիան Ազգերի լիգայի առաջին հաղթողն է:

4 - Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում իր չորրորդ գոլը և առաջինը՝ մրցաշարային կարևորություն ունեցող խաղում:

10 - Պորտուգալիան արդեն տասը խաղ է (բոլոր մրցաշարերում) պարտություն չի կրում՝ 5-ական հաղթանակ և ոչ-ոքի։

14 - Իր խաղադաշտում Պորտուգալիան չի պարտվում 14 անընդմեջ հանդիպում։

50 - Յասպեր Սիլեսենը դարձել է 5-րդ դարպասապահը, որը Հոլանդիայի հավաքականի կազմում նվազագույնը 50 խաղի է մասնակցում։

Ի՞նչ ստացան եզրափակիչ փուլի մասնակիցները

Պորտուգալիան ստացավ 71 սմ երկարությամբ արծաթե տիտղոս, սակայն նախատեսված էին նաև պարգևատրումներ։

  • Պորտուգալիա - 10,5 միլիոն եվրո
  • Հոլանդիա - 9 միլիոն եվրո
  • Անգլիա (երրորդ տեղ) - 8 միլիոն եվրո
  • Շվեյցարիա - 7 միլիոն եվրո

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու պահեստային հնարավորություն

Պորտուգալիան, Հոլանդիան, Անգլիան և Շվեյցարիան դուրս էին եկել Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ, քանի որ լավագույնն էին դարձել A լիգայի (առաջին դիվիզիոն) իրենց խմբերում։ Հոլանդիան առաջ էր անցել Ֆրանսիայից և Գերմանիայից, Շվեյցարիան՝ Բելգիայից և Իսլանդիայից, Պորտուգալիան՝ Իտալիայից և Լեհաստանից, իսկ Անգլիան՝ Իսպանիայից և Խորվաթիայից։

A լիգայի 4 լավագույն թիմերը (նրանցից, որոնք ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի արդյունքներով առաջնության ուղեգիր չնվաճեն) 2020 թվականի մարտին կխաղարկեն Եվրոպայի առաջնության մեկ ուղեգիր։ Շատ մեծ է հավանակությունը, որ A լիգայի 12 հավաքականները հաջողությամբ կհաղթահարեն ընտրական փուլը։ Այդ դեպքում ուղեգիրը կվիճարկեն B լիգայի հավաքականները։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեկնարկել է մարտին և ավարտվելու է նոյեմբերին։ Արդյունքում հայտնի են դառնալու ուղեգիր նվաճած 20 թիմերը՝ 10 խմբերի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածները։ Խմբերում 55 հավաքական կա (յուրաքանչյուրում 5 կամ 6)։ Այսպիսով, եթե Պորտուգալիան իր խմբում (մրցակիցներն են Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ), զբաղեցնի երրորդ հորիզոնականը, Ազգերի լիգայի շնորհիվ ԵՎՐՈ-ի ուղեգիր ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն կունենա։


ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Ազգերի լիգայի ստեղծմամբ փորձել են ի շահ ազգային ասոցիացիաների մի զարկով երկու նապաստակ խփել: Ընկերական հանդիպումներն աստիճանաբար կորցնում են հետաքրքրությունը, ուստի ասոցիացիաների, մարզիչների և ֆուտբոլիստների շրջանում մարզական մրցակցությունը բարձր պահելու համար ընկերական խաղերը փոխարինվում են նշանակալի առաջնությամբ։

Այս առաջնությունն առաջին հերթին հնարավորություն է միջին և ցածր մակարդակով հավաքականների համար, որոնք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու լրացուցիչ հնարավորություն են ստանում, ինչի համար պարզապես պետք է հաջող հանդես գալ նույն մակարդակի հավաքականների հետ և աստիճանական զարգացում գրանցել՝ ցածր լիգայից բարձր լիգա տեղափոխվելու տեսքով։

Ցավոք, այդ հնարավորությունից չօգտվեց Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված էր D լիգայի չորրորդ խմբում։ Հյուսիսային Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ պայքարում մեր ընտանին վաստակեց 10 միավոր և խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Հյուսիսային Մակեդոնիային զիջելով 5 միավոր։

Այժմ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության բաղձալի ուղեգրի համար պայքարում է որակավորման փուլում: Երրորդ տուրից հետո մեր ընտրանին ունի 3 միավոր և զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առջևում Հունաստանի հավաքականի հետ խաղն է, որում միավոր(ներ) չվաստակելը կարող է ճակատագրական լինել: Առաջադրանքը դժվարին է, բայց իրագործելի:


Գայանե Աբասյան
Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի

 

Share |

Լրահոս

Loading...