Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան պատմել է, որ 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ (Գերմանիա 1-0 Արգենտինա) «արքայական» ակումբը իրեն նամակ է ուղարկել, որը նա պատռել է։
«Միայն երեք հոգի գիտի ճշմարտությունը՝ բժիշկ Դանիել Մարտինեսը, գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան և ես։ Բելգիայի դեմ խաղից հետո ես վնասվածք ունեի։ Ոտքս լավ վիճակում չէր, բայց ես ուզում էի դաշտ դուրս գալ։ Դրա պատճառով իմ կարիերան կարող էր ավարտվել, բայց ինձ համար միևնույն էր։
Ես գիտեի, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել ինձ։ Սաբելյան ինձ մի նամակ տվեց, որը «Ռեալն» էր ուղարկել։ Բայց ես անգամ չկարդացի ու պատռեցի այն։ Դրանից հետո ես ասացի մարզչին, որ ի վիճակի չեմ խաղալ։ Ես գիտեի, որ նա ուզում է, որ ես խաղամ։ Սակայն ես ցանկացա, որ թիմի համար ավելի լավ լինի։
Որոշվեց, որ իմ փոխարեն այդ օրը դաշտ է դուրս գալու Էնցո Պերեսը»,-դի Մարիայի խոսքն է մեջբերում Marca-ն։