Արմեն Գյուլբուդաղյանց. Ոչինչ չունենք ապացուցելու

20:18 10.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ հունիսի 11-ին, ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում մրցելու է Հունաստանի ընտրանու հետ:

Մեր ընտրանին հունիսի 8-ին Երևանում հաղթեց Լիխտենշտեյնին ու վաստակեց առաջին 3 միավորը:

Վաղվա հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.

«Ե՛վ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները հաղթած և պարտված խաղն աշխատում են շատ շուտ մոռանալ ու անցնել հաջորդ հանդիպման մասին մտածելուն: Վաղը կարևոր խաղ է, և մենք պետք է անենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար:

«Ուժեղ հավաքականի հետ խաղալիս փորձում ես պարզել նրա ուժեղ և թույլ կողմերը: Մենք ավելի շատ կկենտրոնանանք մեր խաղի վրա: Այո՛, հաշվի կառնենք նրանց լավ որակները և ուժեղ կողմերը: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»:

Էրիկ Վարդանյանի վնասվածքի մասին.

«Բժիշկներն ասացին, որ տաքություն ունի: Դա էր պատճառը, որ դուրս է մնացել հայտացուցակից»:

Երկու հենակետային կիսապաշտպանով խաղալու մասին

«Երկու փոքր վնասվածք ունենք: Դեռ մարզում պետք է անցկացնենք ու չենք որոշել, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու»:

Վերականգնվելու և Լիխտենշտեյնի հետ խաղում շատ էներգիա ծախսելու մասին.

«Չեմ կարծում, որ շատ էներգիա ծախսեցինք: Լիխտենշտեյնի հետ խաղի ժամանակ մոտ 10 րոպե եղավ, որ մրցակիցը երկու լավ պահ ունեցավ մեր դարպասի մոտ: Ուրախ եմ, որ տղաները կարողացան պայքարել մինչև վերջ ու հասնել հաջողության: Շատ կցանկանայի, որ քիչ էներգիա ծախսեինք և հաղթեինք, սակայն խաղն է այդպես պահանջել, որ մինչև վերջ պայքարես»:

Բոլորին ինչ որ բան ապացուցելու համար ավելի ուժեղ հավաքականի հաղթելու մասին.

«Ես այդպես չեմ մտածում, ապացուցել: Ո՛չ, ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու: Մենք հագնում ենք ազգային հավաքականի խաղաշապիկը և պետք է կարողանանք մեր նվիրվածությամբ, մեր աշխատանքով բարձր պահել մեր ազգի պատիվը. յուրաքանչյուր խաղում»:

Share |

Լրահոս

Loading...