Համոզված եմ՝ մեր սերունդը կարդարացնի սպասելիքները. Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Մարգարյան

14:52 10.06.2019

Ազատոճային ըմբիշ Հրաչյա Մարգարյանի (61 կգ քաշային կարգ) համար Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալ նվաճելը որքան ուրախալի, այնքան էլ սպասելի էր:

Armsport.am-ի զրույցում նորընծա չեմպիոնը պատմել է իր հաղթական տպավորությունների մասին:

«Տպավորություններս հիանալի են: Սպասում էի նման հանգուցալուծման: Նախքան եզրափակիչ դժվարին հաղթանակներ էի ունեցել, դրա համար էլ եզրափակչում ավելի վստահ էի գոտեմարտում»,- ասում է Հրաչյան, որը վճռորոշ գոտեմարտում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Օլեկսանդր Եվսեյենկոյին:

Հրաչյան խոստովանում է, որ կիսաեզրափակչի՝ թուրք Համզա Ալաչայի հետ գոտեմարտին առանձնակի ոգևորությամբ է մասնակցել.

«Գոտեմարտերից ամենադժվարը եղել է կիսաեզրափակիչը, քանի որ բարդ մրցակից էր բաժին հասել: Այդ գոտեմարտին ավելի վճռորոշ եմ եղել: Այն, որ մրցակիցս թուրք էր, ինձ ավելի էր տրամադրում հաղթանակի: Հաղթանակս էլ նվիրում եմ սահմանին կանգնած հասակակից ընկերներիս»:

Ալաչա-Մարգարյան գոտեմարտը

Հրաչյան ընդգծում է նախապատրաստական մարզումների և մարզիչների հետ աշխատանքի կարևորությունը.

«Նախքան առաջնությունն անցկացրել են բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ: Ես նման արդյունքի հասել եմ մարզիչներիս ու թիմիս օգնությամբ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հավաքականի մարզիչներ Ավետիք Վարդանյանին և Արմեն Մալխասյանին, անհատական մարզիչներ Ռաֆիկ Գոլեցյանին և Վարդան Գյուրջյանին: Այժմ մի փոքր դադար ենք վերցնում: Հետ կվերսկսեմ մարզումներս ու կպատրաստվեմ առաջիկա մրցաշարերին»:


Լուսանկարը՝ Մարգարյան-Սաբանով գոտեմարտից

Վերջին տարիներին ազատոճայինները միջազգային մրցաշարերում լուրջ հաջողություններ չէին գրանցում, սակայն Հրաչյա Մարգարյանի և երիտասարդական հավաքականի մյուս անդամների մեդալները ստիպում են մտածել, որ սառույցը վերջապես կոտրվում է: Անձամբ Հրաչյան հավատում է իր և ընկերների հնարավորություններին.

«Ես լիովին վստահ եմ մեր սերունդի վրա: Համոզված եմ՝ մեր սերունդը կկարողանա արդարացնել մարզիչների սպասելիքները»:


Հիշեցնենք, որ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած առաջնությունում Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 6-5 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը խնդիրներ չունեցավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրաիլ Ցիկիևի հետ պայքարում՝ 14-2։

Քառորդ եզրափակչում Մարգարյանը 6-4 հաշվով առավելության հասավ հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ, կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթեց թուրք Համզա Ալաչային, իսկ վճռորոշ գոտեմարտում 11-0 հաշվով գերվստահ հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեկսանդր Եվսեյենկոյի նկատմամբ։

Հրաչյա Մարգարյանի չեմպիոնական գոտեմարտը

 

 

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...