3-ժամյա զննում օդանավակայանում, խոզանակ` բարձրախոսի փոխարեն. ինչպես են Թուրքիայի հավաքականին դիմավորել Իսլանդիայում

13:14 11.06.2019

Թուրքիայում գոհ չեն. հավաքականը խնդիրների առաջ է կանգնել Ռեյկյավիկ ժամանելուց հետո, որտեղ նրանք Եվրո-2020-ի նախընտրական փուլի շրջանակում կմրցեն Իսլանդիայի հետ:

Թիմի հարձակվող Բուրակ Յըլմազը հայտնել է, որ ֆուտբոլիստներին ավելի քան 3 ժամ զննել են օդանավակայանում և անհիմն կերպով ստուգել են բոլոր անձնական իրերը:

Իսկ ամենատհաճ միջադեպը տեղի է ունեցել հավաքականի ավագ Էմրե Բելեզօղլու հետ: Օդանավակայանում 38-ամյա կիսապաշտպանին շրջապատել են լրագրողները, իսկ ինչ-որ մեկը Էմրեի դեմքին խոսափողի փոխարեն սպասք լվանալու համար նախատեսված խոզանակ է մոտեցրել:

Այս միջադեպերի առթիվ Թուրքիան բողոքի նոտա է ուղղել Իսլանդիային: Իսկ երկրի Արտաքին գործերի նախարար Մեվլուտ Չավուզօղլուն գրել է, որ այն, ինչպես թիմին դիմավորել են Իսլանդիայում «անընդունելի է դիվանագիտական ու մարդկային առումով»:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը նույնպես արձագանել է իրավիճակին. «Մեր հավաքականի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել: Սա անընդունելի է: Վստահ եմ` մեր թիմը դաշտում կտա այս միջադեպի սպառիչ պատասխանը»:

Ընդ որում, Իսլանդիայի Ներքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ քանի որ Թուրքիան չի մտնում Եվրամիության կամ Շենգեն գոտու մեջ, որտեղ Իսլանդիայի հետ անվտանգության ընդհանուր կանոններ կան, ֆուտբոլիստների նկատմամբ ստանդարտ գործընթացներ են իրականացվել, որոնք, ըստ պաշտոնական տվյալի, 1 ժամ 23 րոպե են տևել:

Հետաքրքրական է, որ Էմրեի դեմքի մոտ խոզանակ պարզած մարդը, պարզվել է` բելգիացի զբոսաշրջիկ Կորենտեն Սյամանն է:

«Սպասելով իմ թռիչքին` ես տեսա Թուրքիայի հավաքականին ու որոշեցի կրկօրինակել լրագրողներին, այդ իսկ պատճառով հանեցի խոզանակը: Անվտանգության աշխատակիցներն ինձ վրա ուշադրություն չդարձրին: Ես որևէ մեկին չեմ ցանկացել վիրավորել: Նույնիսկ չհասցրի հարցնել, թե ինչ զգացողություններ ունի ֆուտբոլիստը Ֆրանսիային հաղթելուց հետո»,- ասել է բելգիացին:

Նշենք` Իսլանդիա-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր` հունիսի 11-ին:

Share |

Լրահոս

Loading...