Հետաքրքիր և լարված հանդիպում է սպասվում․ Տիգրան Թադևոսյանը՝ Հունաստան-Հայաստան խաղի մասին

16:07 11.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը խելացի ու արագաշարժ ֆուտբոլիստների շնորհիվ այսօր կարող է դրական արդյունքի հասնել Հունաստանի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում։

Նման կարծիք ունի լոնդոնյան «Բարնեթ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզիչ Տիգրան Թադևոսյանը, ով տևական ժամանակ աշխատել է նաև Հունաստանում։

Հունական և հայկական ֆուտբոլին ծանոթ մարզիչը ArmSport-ի հետ զրույցում խոսել է այսօրվա խաղի մասին։

-Որպես և՛ հունական, և՛ հայկական ֆուտբոլին լավ ծանոթ մասնագետ՝ ի՞նչ կասեք Հունաստանի և Հայաստանի ներկայիս հավաքականների մասին։ 

-Լիխտենշտեյնի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին լավ վիճակում է։ Նկատելի է, որ ինքնավստահություն կա, ֆուտբոլիստները հոգեբանական տեսանկյունից պատրաստ են։ Հույների մոտ հակառակ վիճակն է, ինչը պայմանավորված է ոչ միայն Իտալիայից 0-3 հաշվով կրած պարտությամբ, այլ առհասարակ իրենց վատ խաղով։ Հունաստանում բոլորն իրենց հավաքականից պահանջում են միայն հաղթանակ և լավ խաղ։ Այնպես որ՝ այսօրվա խաղում հույների մոտ լարվածություն կլինի։

-Հայաստանի հավաքականը Հունաստանի հետ 4 հանդիպում է անցկացրել և ոչ մի հաղթանակ չի տոնել։ Ավելին, մեր ընտրանին այդ խաղերում գոլեր չի խփել (0-2, 0-1, 0-0, 0-1)։ Ի՞նչ եք կարծում՝ այսօր կստացվի՞ փոխել վիճակագրությունը։

-Յուրաքանչյուր խաղ տարբերվում է նախորդից։ Կարծում եմ՝ Հայաստանը խաղաոճով պատրաստ է այս հանդիպմանը։ Հույները կփորձեն մեր հավաքականին ճնշել ավելի բարձր գոտիներում, ինչն էլ կստեղծի ազատ գոտիներ իրենց պաշտպանությունում։ Մենք խելացի և արագաշարժ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են օգտագործել նման պահերը։

-Ո՞րն է ներկայիս Հունաստանի հավաքականի գլխավոր զենքը։ Ինչի՞ն պետք է առաջնային ուշադրություն դարձնեն մեր ֆուտբոլիստները։

-Ներկայիս Հունաստանի հավաքականի խաղն ավելի շատ թիմային է։ Այո՛, կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց ոչ ստեղծագործ գծերում։ Առհասարակ հույների ուժեղ կողմը եղել են ստանդարտները։ Իմ կարծիքով՝ այսօր հույները կփորձեն հսկել գնդակի տեղաշարժը և քանակային առավելություն ստանալ եզրերում։

-Հունաստանն օրեր առաջ 0-3 հաշվով պարտվեց խմբի ֆավորիտ Իտալիային, իսկ Հայաստանը հաղթեց Լիխտենշտեյնին։ Եթե դիտել եք այդ խաղերը, ի՞նչ կասեք դրանց մասին։

-Երկու խաղն էլ դիտել եմ։ Հայաստանի հավաքականի՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման առաջին 45 րոպեն շատ դրական եմ գնահատում, իսկ երկրորդ կեսում տղաներն իջեցրին տեմպը։ Հունաստանը վատ խաղ ցուցադրեց ուժեղ Իտալիայի դեմ, չստեղծեց պահեր և չփորձեց բեկել հանդիպման ընթացքը։ Սակայն վստահ եմ, որ Հայաստանի դեմ հույները լրիվ ուրիշ խաղ են ցուցադրելու։ Խմբից դուրս գալ-չգալու վերաբերյալ դեռ պետք չէ խոսել։ Դեռ խաղեր կան և կարող են շատ փոփոխություններ լինել։

-Տեղյակ եմ, որ երեկ ներկա եք եղել մեր ընտրանու մարզմանը։ Ինչպիսի՞ տրամադրություն էր մարզչական շտաբի և ֆուտբոլիստների շրջանում։

-Հաղթանակները միշտ նպաստում են թիմում լավ մթնոլորտ ստեղծելուն։ Մարզումից հասկանալի էր, որ հավաքականում շատ լավ մթնոլորտ է։ Հույս ունեմ՝ դա կօգնի և այսօր լավ խաղ կտեսնենք մեր թիմից։


Տիգրան Թադևոսյանը և ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը՝ հավաքականի երեկվա մարզմանը

-Կանխատեսումներ անելը, հատկապես մարզիչների կողմից, շնորհակալ գործ չէ, սակայն, այդուհանդերձ, ի՞նչ սպասելիքներ ունեք այսօրվա խաղից։

 -Ամեն ինչ հնարավոր է։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր և լարված խաղ է լինելու։ Լարվածությունը լինելու է հատկապես Հունաստանի կողմից։ Մեր ընտրանին պետք է օգտագործի իր պահերը։ Եթե դա հաջողվեց, Աթենքում լավ արդյունքի կհասնենք։


Հավելենք, որ Հունաստան-Հայաստան հանդիպումից առաջ հույներն ունեն 4 միավոր և զբաղեցնում են J խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ մեր ընտրանին 3 միավորով 5-րդ տեղում է։

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...