Միայն Աստծո օգնությունը բավարար չէ. Հայերը Հունաստանում են՝ կրկնելու մեր դանիական հրաշքը

12:23 11.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի համար ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում վրա է հասել կարևորագույն պահը: Մեր` ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում հայտնվելու հույսերը հիմնականում կախված են այսօրվանից:

Ընտրական փուլի J խմբում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմն այսօր՝ Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելու է Հունաստանին: Ունենք 3 միավոր և եթե ցանկանում ենք մնալ խաղի մեջ, նվազագույնն անհրաժեշտ է ոչ-ոքի, իդեալական կլինի հաղթանակը:

Իտալիան, անկասկած, խմբի ֆավորիտն է ու առանց դժվարությունների գնում է դեպի ԵՎՐՈ-2020: Ֆինլանդիայի, Բոսնիայի և Հունաստանի հետ պայքարել կարող ենք ու պետք է: Մրցաշարային իրավիճակն էլ ստիպում է այդպես մտածել: Չնայած մեկնարկային երկու պարտությանն, ամեն ինչ այնպես է դասավորվել, որ հաղթանակի դեպքում կխառնենք բոլորի խաղաքարտերը. վեց միավոր ու մրցակիցներն արդեն կզգան մեր շունչը: 

Սկսած գործը պետք է ավարտին հասցնել

Մրցաշարային աղյուսակի իրավիճակը և Լիխտենշտեյնի հետ հաղթանակը բարձր տրամադրություն են հաղորդել մեր տղաներին: Գուցե Աթենքի գեղեցիկ ճարտարապետությունը և հունական համեղ ձիթապտուղն էլ ունի իր դերը:

Վնասվածքներ չունենք,  ֆուտբոլիստները մարտական են տրամադրված, մթնոլորտը հիանալի է: Կարծես բոլոր նախադրյալները կան հաղթանակի համար: Առաջատարներն էլ լավ մարզավիճակում են: Լիխտենշտեյնի հետ խաղում էլ սկսած գործը պետք է ավարտին հասցնել ու վերադառնալ 6 միավորով:

Դարպասապահ Արամ Հայրապետյանը բոլորիս վախեցրեց Լիխտենշտեյնի հետ խաղում: Հույս ունենանք, որ նա մեզ նման անակնկալներ չի մատուցի Աթենքում: Սակայն պետք է փաստենք, որ նույնիսկ նման փոքրիկ սխալներից հետո Արամը վստահ էր խաղում ու շտկում վիճակը:

Պաշտպանությունում լավ էինք նայվում: Հարոյանի հիանալի փոխանցումը, Տարոնի փայլուն սեյվը, Կամո Հովհաննիսյանի և Հովհաննես Համբարձումյանի լավ խաղն էլ խոսում են պաշտպանության դեռևս հուսալի վիճակի մասին: Իհարկե, Աթենքում նման հանգիստ և դանդաղ ֆուտբոլ չի լինելու: Զգոնությունը պետք է կրկնակի լինի, կենտրոնացվածությունը և տրամադրվածությունը պետք է չպակասի 90 րոպե:

Կիսապաշտպանությունում էլ դեռևս չգիտենք, թե քանի հենակետային պետք է խաղա: Կառլեն Մկրտչյանը լավ էր նայվում Լիխտենշտեյնի հետ խաղում: Եթե որոշենք երկրորդ հենակետայինին դաշտ դուրս բերել մեկնարկային կազմում, ապա կրկին կարող ենք հիշել Արմեն Համբարձումյանին: «Արարատ-Արմենիայի» խաղացողը լավ մարզում է անցկացրել, մրցաշրջանն էլ հիանալի անցկացրեց: Վստահության խնդիր՝ կարծում եմ չի լինի:

Հարձակման գծում էլ կարող ենք հանգիստ լինել: Բարսեղյանն ու Կարապետյանն իրենց գոլերով ապացուցեին, որ սուր գրոհների և մրցակցի դարպասի մոտ լարվածություն ստեղծելու խնդիր չենք ունենա:

Տրամադրվածությունը մրցակցի ճամբարում

Հունաստանի հավաքականում վիճակը բարդ է: Հույները կրկին չեն հասկանում, թե ինչի համար կարող են պայքարել: Ոչ ստաբիլ խաղ ու ոչ ստաբիլ հավաքական: Իտալիայից կրած տնային պարտությունը շատ ցավոտ էր: Հունաստանի ընտրանին, կարծես, չի հասկանում ինչ պետք է անել պարտությունից վերականգնվելու համար: Գլխավոր մարզիչը, ինչպես երևում է, գտել է հնարը.

«Հայաստանի հավաքականի հետ խաղում նաև Աստծո օգնությունը պետք կգա»

Խաղալ հունական ոգով, ավելի ուժեղացած առաջ շարժվել, հսկել բոլորին, ոչ միայն Մխիթարյանին... հույների մարզիչը ասում է բաներ, որոնք պարտավոր է ասել. Այնպիսի տպավորություն է, որ նրա փոխարեն կարող էր նստած լինել և լրագրողների հարցերին պատասխանել ցանկացածը: 

Սա հնարավորություն է մեզ համար: «Կոտրված» մրցակցին ևս մեկ հարված հասցնել: Չնայած պատմական վիճակագրությունը մեր կողմը չէ, սակայն միշտ էլ հնարավորություն կա պատմության անիվը շրջելու համար:

4 խաղ Հունաստանի հետ, 3 պարտություն և մեկ ոչ-ոքի: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերությունը՝ 4-0... սարսափելի վատ վիճակագրություն, բայց այսօր Աթենքում լրիվ այլ հաշիվ կարող է լինել:


2013 թվականի հունիսի 11-ը հայկական ֆուտբոլի երկրպագուները շատ են հիշում: Այդ օրվա մասին այսօր հիշում էին նաև հավաքականի տղաները, այն ֆուտբոլիստները որոնք Դանիային 4 անպատասխան գնդակ խփեցին, այն տղաները, որոնց ոտնկայս ծափահարում էին Դանիայում... 6 տարի անց նույն օրը, նույնը կարելի է և պետք է կրկնել Հունաստանում:

Նման «հաճելի» տեսարաններ մեր մրցակիցներին գիտենք, թե ինչպես կարող ենք պարգևել:

Դժվար պահերին մենք գիտենք ինչպես հավաքվել, միասնական դառնալ ու գնալ դեպի նպատակը: Այդ ճանապարհի կեսն արդեն անցել ենք՝ հավաքվելով ու հաղթելով Լիխտենշտեյնին, այժմ պետք ավարտենք գործն Աթենքում ու սպասենք հաջորդ խաղերին:

Անհնարին ոչինչ չկա, այն էլ ֆուտբոլում. կտեսնե՞նք մեր դանիական հեքիաթի կրկնությունը հունական մոտիվներով... պատասխանը կիմանանք այսօր ուշ երեկոյան:

 

Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս

Loading...