Սարին՝ Յուվենտուսի ճանապարհին․ Ի՞նչ տարբերակներ ունի Չելսին

18:39 11.06.2019

Լոնդոնի «Չելսիում» մարզչական փոփոխությունը, ինչպես երևում է, անխուսափելի է։ Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է Թուրինի «Յուվենտուսը» գլխավորելուն։ Ո՞վ է գլխավորելու լոնդոնյան ակումբը 60-ամյա իտալացու հեռանալու դեպքում։

Goal.com-ի փոխանցմամբ՝ «կապույտները» մի քանի թեկնածուներ են դիտարկում, որոնցից ամենահավանականը Ֆրենկ Լեմպարդի տարբերակն է։ «Դերբիի» գլխավոր մարզիչը, անկասկած, «Չելսիի» պատմության գլխավոր լեգենդներից է և դժվար թե այս ծանր պահին միայնակ թողի իր նախկին թիմին։ Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի ղեկավարությունը մոտ օրերս պլանավորում է հանդիպել Ֆրենկ Լեմպարդի հետ քննարկելու նրա՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնալու տարբերակը։ 

Այլ թեկնածուների թվում են Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ Այս երկու մարզիչների ժամանումը Լոնդոն քիչ հավանական է թվում։ «Չելսին» գլխավորելու մտքից նրանց հեռու է պահում այն փաստը, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «կապույտների» առջև, և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմին նոր ֆուտբոլիստներ չեն կարող միանալ։ 

Իտալական որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ Սարիի՝ Թուրին տեղափոխվելու դեպքում «Չելսիի» ղեկը կարող է ստանձնել «Նյուքասլի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։ Այս տարբերակը, սակայն, ամենաանիրատեսականն է թվում։ 

Այսպիսով, Մաուրիցիո Սարիի հեռանալու դեպքում «Չելսիի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ֆրենկ Լեմպարդն է։ 

Share |

Լրահոս

Loading...