Արման Սահակյանը վերընտրվեց հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում. այլ թեկնածու չկար

21:52 11.06.2019

Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայում հունիսի 11-ին կայացավ ֆեդերացիայի ընդհանուր ժողովը, որի օրակարգի առաջնային հարցերից մեկը նախագահի ընտրությունն էր. արդյունքում ֆեդերացիայի գործող նախագահ Արման Սահակյանը միաձայն վերընտրվեց զբաղեցրած պաշտոնում: 

Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը մամուլին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր թեկնածությունը ևս պետք է առաջադրի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, բայց այդպես էլ չներկայացավ քվեարկությանը: Այսպիսով, առաջադրված միակ թեկնածուն հենց Արման Սահակյանն էր, որը ևս 5 տարի կպաշտոնավարի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայում:

«Շնորհակալ եմ վստահության համար: Վստահ եղեք, որ այսօրվա իրականության հետ պայմանավորված՝  աշխատանքս այդքան էլ ծանր չէ, այլևս համատեղության հարց չի լինի ու հիմա շատ ավելի ազատ եմ, էներգիայով լի, որպեսզի առաջիկա 5 տարիներին մեր ֆեդերացիան ղեկավարվի հավուր պատշաճի: Վստահաբար չեք փոշմանի Ձեր տված ձայնի համար»,- իր խոսքում նշեց Արման Սահակյանն ու անդրադարձավ մյուս թեկնածուի վերաբերյալ հրապարակումներին:

«Իհարկե, մի քանի տարբեր հայտարարություններ կային, ըստ որոնց որոշ մարդիկ պատրաստ էին ստանձնելու այս դժվարին աշխատանքը, ու ես ուրախությամբ սպասում էի բոլոր այդ մարդկանց, որպեսզի նաև մրցակցություն ապահովվեր:

Ավաղ, նրանք չեկան և իրենց թեկնածությունները չառաջադրվեցին: Ես սիրով այդ մարդկանց հրավիրում եմ համագործակցության: Մեր ֆեդերացիան միշտ եղել է բաց ու շարունակելու է մնալ այդպիսին: Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնելու, օժանդակելու, ու խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, մենք սիրով պատրաստ ենք ընդունել նրանց»,- հայտարարեց Արման Սահակյանը:

Նշենք նաև, որ ժողովին ներկա էին կազմակերպության 156 անդամներից 106-ը: Ներկայացվեցին նաև ֆեդերացիայի ֆինանսական հաշվետվությունները, որոնք հաստատվեցին քվեարկությամբ:

Արման Սահակյանի առաջարկով հաստատվեց նաև նախագահության կազմը: Իսկ ֆեդերացիայի փոխնախագահները և գլխավոր քարտուղարը կորոշվեն ավելի ուշ:

Share |

Լրահոս

Loading...