Աշխարհի առաջնությանը կմասնակցեն ԵԱ-ի մեդալակիրները. Ավետիք Վարդանյան

13:28 12.06.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը և մարզիչ Արմեն Մալխասյանը գոհ են մեր ըմբիշների՝ Եվրոպայի առաջնությունում ելույթներից և նրանց կվստահեն նաև օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած առաջնությունում չեմպիոն է դարձել 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Մարզիչների համար անակնկալ է եղել Հրաչյա Մարգարյանի չեմպիոնությունը: Նրա համար սա առաջին մասնակցությունն էր Եվրոպայի առաջնությանը:

«Ընդհանուր առմամբ հավաքականը լավ մասնակցեց: Ճիշտ է, սպասելիքներն ավելի շատ էին, ըմբիշների հնարավորություններն էլ՝ ավելի մեծ, բայց ունեցանք այն, ինչ կա: Բոլոր գոտեմարտերը լարված էին: Մեզ մեծ անակնկալ մատուցեց Հրաչյա Մարգարյանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում նա ապացուցեց, որ արժանի է լինել հավաքականի կազմում և հավաքականի առաջատարներից մեկը:

Ուրախ եմ, որ ամեն տարի ունենում ենք նոր անուններ, նոր մրցանակակիրներ: Չենք բավարարվում մեկ կամ երկու ըմբիշի արդյունքով: Բոլորն էլ կարող են, բոլորն էլ ունեն հաջողության հասնելու հնարավորությունները: Կարող ենք որպես փաստ արձանագրել, որ ունենք լավ երիտասարդ ըմբիշներ, որոնք հավակնում են դառնալ լավ մարզիկներ, համալրել մեծահասակների հավաքականը: Նրանք կարող են լավ արդյունքներ գրանցել մեր երկրի համար»,- ասում է Ավետիք Վարդանյանը:

Հավաքականի մարզիչներից Արմեն Մալխասյանը շարունակում է գործընկերոջ խոսքը.

«Ես նույնպես բարձր եմ գնահատում տղաների ելույթները: Կարծում եմ՝ հավաքականի կազմում ընդգրկված էին ամենաարժանիները, որոնք ապացուցեցին իրենց բարձր կարգը: Ընդհանուր առմամբ կարելի է լավ գնահատական տալ մեր ըմբիշների ելույթներին»:

Ավետիք Վարդանյանը նշում է, որ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած մարզիկներն իրենց ուժը ներկայացնելու հնարավորություն են ստանալու նաև օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ.

«Մինչ Եվրոպայի առաջնությանը մեկնելը մենք մարզչական անձնակազմով ըմբիշներին և նրանց անձնական մարզիչներին տեղեկացրել էինք՝ ովքեր լավ կմասնակցեն այս առաջնությանը, կմասնակցեն նաև աշխարհի առաջնությանը: Այսինքն՝ ի սկզբանե ասել ենք, որ կգնահատվեն առաջնությունում աշխատանքն ու արդյունքները:

Ճիշտ է, մենք ունենք նաև վնասվածք ունեցող մարզիկներ: Այժմ նրանք կարող են ապաքինվել . եթե պատրաստ և արժանի լինեն մասնակցելու աշխարհի առաջնությանը, կընդգրկենք հավաքականում: Եթե ոչ՝ կմասնակցենք ոչ թե 9 հոգով, այլ 6»:

Նախքան աշխարհի առաջնությունը երիտասարդ ազատոճայինները մի շարք հավաքներ են անցկացնելու: Մեկ շաբաթյա հանգստից հետո ըմբիները տասնօրյա վերականգնողական հավաք կացնկացնեն Վրաստանում, ապա Օլիմպավանում կմարզվեն մեծահասակների հավաքականի հետ: Եվս մեկ հավաք նախատեսված է արտերկրում, որտեղից էլ ըմբիշները կմեկնեն Էստոնիա, ուր կայանալու է աշխարհի առաջնությունը:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...