Երիտասարդական չարաճճիություն է. Արման Սահակյանն Էդգար Ստեփանյանի հայտարարության մասին

21:06 12.06.2019

Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի խոսքով իրենք լավ հարաբերությունների մեջ են Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ:

Ստեփանյանը, որն անցած տարի դարձել էր Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, հաղթել էր նաև Օմսկի և Աստանայի վարկանիշային մրցումներում, հայտարարել էր, որ Արման Սահակյանը ոչ միայն չի պարգևատրել իրեն ու մարզչին` Արմեն Գյոզալյանին հաջողության համար, այլև չի հանդիպել նրանց հետ:

«Էդգարին ես շատ եմ սիրում և հարգում: Նա դեռ երիտասարդ է, միանգամից հասել է բավականին լուրջ հաջողությունների, ու նրա այդ հայտարարությունը կմեկնաբանեմ որպես երիտասարդական չարաճճիություն: Մենք Էդգարի հետ լուրջ պլաններ ենք կազմում, որոնք իրականացնելու ենք»,- ասել է Արման Սահակյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:

Էդգար Ստեփանյանը նաև դժգոհել էր, որ կարևոր մրցաշարերին ինքը երբեմն բոլորովին միայնակ է մեկնում` առանց մարզչի, բժշկի, քանի որ պետք է գումարներ խնայեն հաջորդ մրցումներին մասնակցելու համար:

«Այո, եղել է նման բան ու դրա պատճառը եղել են ֆինանսական խնդիրները: Բայց արդարության համար պետք է նշել նաև, որ շատ մրցաշարերի էլ Էդգարը միայնակ չի մեկնել: Եղել է մրցում, որ Էդգարի հետ մեկնել է և՛ մարզիչ, և՛ բժիշկ, և՛ մեխանիկ: Որ պահին ինչ հնարավորություն ունեցել ենք, փորձել ենք օգտագործել»,- ասել է Արման Սահակյանը:

Խոսելով Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության հավանականության մասին` Սահակյանը շեշտել է, որ իրենք դեռևս պահպանում են հույսերը.

«Մենք հաշվարկների մեջ ենք: Կարծում եմ, որ մեկ տեսակից` գուցե խճուղուց, հնարավոր կլինի ուղեգիր նվաճել: Էդգարն իրականում շատ պրոֆեսիոնալ մարզիկ է: Չարաճճիության մասին ասվածս կատակ էր, նա շատ լավ մարզիկ է:

Ցավում եմ, որ վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեցավ ու հիմա էլ կա այդ խնդիրը, բայց ես վստահ եմ, որ մենք համատեղ, մեր մեծ ընտանիքով կփորձենք այդ խնդիրները լուծել»,- եզրափակել է իր խոսքը ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք` օրեր առաջ Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ Էդգար Ստեփանյանը ձեռքի կոտրվածք է ստացել: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հավաստմամբ, Էդգարը նույնիսկ գիպսով շարունակում է մարզումներն ու ամեն ինչ անելու է Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցելու համար:

Share |

Լրահոս

Loading...