Հումորով եմ վերաբերվում. Արման Սահակյանը` ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կեղծելու մասին

17:01 12.06.2019

Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Արման Սահակյանն ասում է` սա իր համար ինքնանպատակ չէ, իսկ բոլոր այն հայտարարություններին, թե նախագահի ընտրությունները կեղծիքով են անցել` հումորով է վերաբերվում:

- Փաստացի միայն Դուք էիք առաջադրված թեկնածուն, բայց սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը հայտարարել էր, որ ինքը ևս առաջդրելու է իր թեկնածությունն ու որ այս ընտրությունը կեղծիքով է լինելու: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս ամենին:

- Անկեղծ ասած ես շատ հումորով եմ վերաբերվում նման հայտարարություններին: Ինչպես ասել եմ` մեր ֆեդերացիան միշտ բաց է եղել: Եթե կային մարդիկ, ովքեր ցանկանում էին մասնակցել այս ընտրություններին, մենք նրանց սպասում էինք ու սիրով կընդունեինք: Ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել դառնալ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը: Իսկ նման արտահայտություններին հումորով եմ վերաբերվում:

Ասեմ ավելին` սա պրոֆեսիոնալ մարզաձև է, սա սիրողական հեծանվասպորտ չէ: Սա բավականին թանկ մարզաձև է: Այստեղ լուրջ աշխատանքի մեծ հնարավորություններ ու բազմաթիվ խնդիրներ կան:

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ժամանակին Արման Անտոնյանը եղել է այս ֆեդերացիայի փոխնախագահը: Պետք է նշեմ, որ մենք շատ վատ ժառանգություն ենք ստացել հենց այն տարիներից, երբ պարոն Անտոնյանը եղել է մեր ֆեդերացիայի փոխնախագահը: Մենք բաց էինք, պատրաստ էինք: Եթե ցանկացողներ կային, կարող էին գալ, առաջադրվել մեր ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, ու փորձել իրենց ուժերն այս ընտրություններում:

- Ո՞րն է լինելու Ձեր գերնպատակն ու գերխնդիրն առաջիկա 5 տարիների ընթացքում: Հաշվի առնելով նաև այն, որ հաջորդ տարի Տոկիոյում կայանալու են Օլիմպիական խաղերն ու հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային դեռևս չեն բավականացնում վարկանիշային միավորները:

- Մենք ունենք բավականին շատ խնդիրներ: Հեծանվասպորտը բավականին վտանգավոր մարզաձև է: Եթե այլ մարզաձևերում 14-15 տարեկանից արդեն հնարավորություն ունեն մասնակցելու Եվրոպայի կամ աշխարհի պատանեկան առաջնություններին, ապա մեզ մոտ այդ հնարավորությունները բացվում են 17-18 տարեկանից: Իսկ դա հենց զորակոչային տարիք է: Երբ մարզիկները զորակոչվում են բանակ, դրանից հետո նվազում են սպորտով շարունակելու շանսերը: Կան օրենսդրական բացեր ու խնդիրներ, որոնք պետք է առաջարկենք մեր գործադիր իշխանություններին, Ազգային ժողովին, որպեսզի այդ բացերը լրացվեն: Գիտեմ, որ նախատեսվում է  ստեղծել սպորտային վաշտ, ինչը շատ կարևոր է: Պրոֆեսիոնալ մարզիկը չի կարող ծառայության մեկնել սահման, առավել ևս որ դրանից հետո հնարավոր չի լինում այդ մարզիկին վերադարձնել իր նախկին մարզավիճակին:

Պետք է նշեմ նաև, որ 2015-ից 2018 թվականների աշխատանքներն ակնհայտ են` մեր վաստակած չիներով և մեդալներով:

- Խոսեցիք Ձեր կատարած աշխատանքի մասին: Այս ընթացքում եղե՞լ են հարցեր, որոնց իրականացման հարցում ֆեդերացիան թերացել է կամ առհասարակ չի կատարել:

- Ես միշտ անկեղծ եմ եղել: Ինչպես արդեն նշեցի, նախկինում զբաղվածությունս շատ էր ու դրա պատճառով առավելագույնս հետամուտ չենք եղել որոշ աշխատանքների իրականացմանը: Բայց այն աշխատանքը, որն արվել է ֆեդերացիայում, ակնհայտ է: Այո կան խնդիրներ ու թերացումներ: Կան խնդիրներ մեր մարզադպրոցների հետ կապված, քանի որ սերունդ չենք կարողանում տալ: 

Ունենք ակումբներ ու պետք է դրանք զարգացնել: Ինքս մտադիր եմ ստեղծել մի թիմ` կազմված մեր երիտասարդ մարզիկներից: Մարզել այդ երեխաներին, ապահովել նրանց մարզագույքով, որպեսզի մենք Էդգարից հետո ունենանք մարզիկներ, ովքեր կշարունակեն այս աշխատանքները: Չնայած այս պահին էլ ունենք հեռանկարային մարզիկներ, օրինակ Լևոն Լավչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Տարոն Նիկողոսյանը, Ջանիկ Գրիգորյանը, Վազգեն Ոսկանյանը, Դավիթ Զաքարյանը: Խոստումնալից երիտասարդներ են, ովքեր կարող են հետագայում արդյունքներ ապահովել: Բայց սրանով շատ ավելի հետևողական պետք է զբաղվենք:

Share |

Լրահոս

Loading...