Գրանատկինի մրցաշար. Հայաստանի Մ18 հավաքականը հաղթեց Ղրղզստանին ու 9-րդ տեղը զբաղեցրեց (տեսանյութ)

14:50 13.06.2019

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց ելույթները Սանկտ-Պետերբուրգում ընթացող Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում:

Մեր ընտրանին մրցեց Ղրղզստանի իր հասակակիցների հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Հայաստանի Մ18 հավաքականի կազմում դուբլ ձևակերպեց Գրենիկ Պետրոսյանը` աչքի ընկնելով 21-րդ և 50-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցեց Պատվական Ավետիսյանը` Ղրղզստանի դարպասը գրավելով խաղի 23-րդ րոպեին:

Նշենք` Հայաստանի Մ18 հավաքականը 68-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Նարեկ Գրիգորյանը:

Այսպիսով, մեր ընտրանին 9-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանում ընթացող միջազգային մրցաշարում: 

Հայաստանի Մ18 հավաքականը, որն ի սկզբանե ընդգրկվել էր C խմբում, մեկնարկային խաղերում պարտվել էր Արգենտինայի, Իրանի և Ռուսաստանի իր հասակակիցներին` բոլոր խաղերում 2 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Իսկ 9-12 տեղերի համար առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր Տաջիկստանին:

Նշենք` մրցաշարի եզրափակչում միմյանց հետ կմրցեն Արգենտինայի և Ռուսաստանի մինչև 18 տարեկանների հավաքականները: Իսկ Ռուսաստանի Մ18 տարեկանների երկրորդ հավաքականը, որը ևս ընդգրկված էր մեր խմբում, երրորդ տեղի համար կպաքարի Թուրքիայի իր հասակակիցների հետ:

Share |

Լրահոս

Loading...