Ճախրող հոլանդացին․ Վան Պերսիի հանրահայտ գոլից անցել է 5 տարի (տեսանյութ)

16:02 13.06.2019

2014 թվականի հունիսի 12-ին մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը։ Այն կոչված էր դառնալու պատմության լավագույն մունդիալներից մեկը։ 

Այդ ժամանակվա աշխարհի գործող չեմպիոնները Իսպանիայի հավաքականը, տիտղոսի պաշտպանությունը սկսեց Հոլանդիայի ընտրանու դեմ խաղով։ 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի կրկնությունը հիասքանչ ստացվեց Հոլանդիայի ընտրանու համար։ Լուի Վան Գալի թիմը ջախջախիչ՝ 5-1 հաշվով առավելության հասավ «լա ֆուրիա ռոխայի» նկատմամբ։ Իսպանացիները անցկացրին իրենց պատմության թերևս ամենաանփառունակ մրցաշարը։ 

Չնայած Արիեն Ռոբենի արագացումներին ու Կասիլյասի սխալներին՝ հանդիպման, և ընդհանրապես ամբողջ մունդիալի աամենահիշարժան պահերից մեկը դարձավ Ռոբին Վան Պերսիի չքնաղ գոլը գլխի հարվածով։ Դեյլի Բլինդի փոխանցումից հետո Վան Պերսին ճախրեց ու գնդակն ուղարկեց Իկեր Կասիլյասի դարպասը։ Շատ շուտով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հայտնի դարձած «ճախրող հոլանդացի» արտահայտությունը վերագրվեց հենց Վան Պերսիին։

Ֆիլմում «ճախրող հոլանդացին» մի նավ էր, որը երբեք չէր կարողանում մոտենալ ափին։ Լեգենդի համաձայն՝ 1641 թվականին հոլանդացի կապիտան Ֆիլիպ Վան Դեր Դեկկենը այդպես էլ չէր վերադարձել նավագնացությունից։ Այսօր, սակայն, «ճախրող հոլանդացի» ասելիս, ֆուտբոլասերները հիշում են հենց Վան Պերսիի հանրահայտ գոլը։ 

 

Share |

Լրահոս

Loading...