Գրանատկինի մրցաշարից հետո ավելի պարզ դարձավ, թե ում կարող ենք վստահել Եվրո-2019-ում․ Արթուր Ոսկանյան

21:28 14.06.2019

Ուղիղ մեկ ամսից՝ հուլիսի 14-ից Երևանում կմեկնարկի ֆուտբոլային երկար սպասված տոնը. Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլը:

Որքանո՞վ է թիմը պատրաստ կարևոր ստուգատեսին, ինչպես պատվով ներկայանալ ու նաև արդյունքներ ապահովել՝ չնայած հայտնվել ենք ամենաբարդ խմբում, որ հնարավոր էր պատկերացնել ... ArmSport-ը փորձել է գտնել այս հարցերի պատասխանները:

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ասում է՝ եթե մրցաշարը լավ կարողանանք կազմակերպել, Երևանն այդ օրերին կապրի ֆուտբոլով:

Իսկ այս առումով, եվրոպական ուժեղագույն հավաքականների ֆոնին, պակաս կարևոր չէ նաև այն, թե մերոնք ինչպես հանդես կգան: Արթուր Ոսկանյանն առանձնացրել է այն գործոնները, որոնց վրա հավաքականը պետք է փորձի աշխատել այս մեկ ամսում.

«Պետք է բարելավենք թիմի ֆիզիկական վիճակը, որից մեր տղաները կաղում են: Դա առավելապես երևում է բարձրակարգ թիմերի դեմ խաղում, բարձր արագությունների տակ»:

Թիմը, նախքան առաջնության մեկնարկը, ևս մեկ հավաք կանցկացնի հունիսի 26-ից: Սակայն դեռևս հստակեցված չէ մարզումային գրաֆիկն ու ընկերական խաղերի ցանկը: Այդ ամենն Արթուր Ոսկանյանը կկազմի Սանկտ-Պետերբուրգից վերադառնալուց հետո, ուր Հայաստանի Մ18 տարեկանների հետ մասնակցում էր Վալենտին Գրանատկինի անվան հուշամրցաշարին:

Արթուր Ոսկանյանի խոսքով, Եվրոպայի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկի հարցում, այդուհանդերձ, որոշակի ուրվագծումներ արդեն կան.

«Եղան ֆուտբոլիստներ, որոնց փորձարկեցինք: Ավելի պարզ դարձավ, թե որ խաղացողներին կարող ենք վստահել գլխավոր խաղերին: Եվ իհարկե, պետք է նշեմ, որ Գրանատկինի մրցաշարը շատ մեծ փորձ էր մեր՝ ավելի փոքր ֆուտբոլիստների համար»:

Մ19 Եվրո-2019-ի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, միևնույն խմբում է ընդգրկվել Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի Մ19 հավաքականների հետ: Արթուր Ոսկանյանը վիճակահանությունից հետո նշել էր, որ իրենք ամեն ինչ անելու են այս թիմերին արժանի մրցակից լինելու համար: Հիմա ևս սա շեշտում է.

«Որո՞նք են թիմի առջև դրված նպատակները. պետք է ամեն ինչ անենք ուժեղ թիմերի դեմ լավ խաղեր անցկացնելու, արժանի մրցակից լինելու և հաղթանակի հասնելու համար»,- ասում է հավաքականի գլխավոր մարզիչը:

Նարե Հովհաննիսյան

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...