Լևոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանն այս պահին խնդիր չունի

12:31 14.06.2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասում է՝ Եվրոպական խաղերին մեկնող հունահռոմեական բոլոր ըմբիշները պատրաստ են առաջիկա ստուգատեսին։ Մնում է՝ հաջողությունը թիմի հետ լինի։

«Հավաքականն անցել է պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Կարևոր է՝ հաջողությունը թիմի հետ լինի, մնացածը գորգը ցույց կտա»,- ասում է հավաքականի գլխավոր մարզիչն ու անդրադառնում մեր ներկայացուցիչներից մի քանիսին։

Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, մեր առաջատար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, այս պահին որևէ առողջական խնդիր չունի․

«Ալեքսանյանն արդեն Ղազախստանում խոշոր մրցաշարի է մասնակցել՝ շատ լուրջ մրցակիցների դեմ։ Վստահ գոտեմարտեր անցկացնելուց հետո Արթուրը հաղթող դարձավ։ Կարելի է ասել՝ քայլ առ քայլ ավելացնում է։ Արթուր Ալեքսանյանն այս պահին խնդիր չունի։

Կարապետ Չալյանը ևս ապաքինվել է վնասվածքից, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ Եվրոպական խաղերին հենց նա կմասնակցի։ Բոլոր մարզիկներն էլ նորմալ նախապատրաստական փուլ են անցել՝ մասնակցելով հավաքների և մրցաշարերի։ Ինչ վերաբերում է մարզավիճակին, ամեն ինչ գորգը ցույց կտա»։

Ղազախստանի մրցաշարից առաջ  Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ով լավ հանդես գա, նա էլ կմասնակցի Եվրոպական խաղերին։ Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված այն, որ Արթուր Շահինյանի փոխարեն 87 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Մաքսիմ Մանուկյանը․

«Ճիշտն ասած մարզչական խորհրդի ժամանակ մի փոքր տարաձայնություն եղավ։ Որոշվեց՝ ավելի լավ է մասնակցի Մաքսիմ Մանուկյանը։ Ամեն դեպքում, աշխարհի առաջնությունից առաջ նորից այդ և 60 քաշային կարգում ստեղծելու ենք մրցակցություն՝ անկախ Եվրոպական խաղերի արդյունքներից»,- պարզաբանեց Լևոն Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք՝  Եվրոպական երկրորդ խաղերը կայանալու են Բելառուսի մայրաքաղաքում հունիսի 21-30-ը։ 

Մինսկում մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Share |

Լրահոս

Loading...